ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Պալմ Բիչի միջազգային օդանավակայանը պաշտոնապես վերանվանվելու է ի պատիվ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի։ Ինչպես հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը, վերանվանման գործընթացն ուժի մեջ կմտնի հուլիսի 9-ին։ Ֆլորիդան հանդիսանում է նախագահի համար առանցքային նահանգ. այստեղ է գտնվում նրա Մար-ա-Լագոյի նստավայրը, որն այսօր ծառայում է որպես դիվանագիտական կարևոր հարթակ աշխարհի առաջնորդների հետ հանդիպումների համար։
Վաշինգտոնի մշակութային և գիտական կենտրոնների անվանափոխությունը Սա Միացյալ Նահանգների մայրաքաղաքում և այլ նահանգներում իրականացվող անվանափոխությունների շղթայի միայն մի մասն է։ Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտը Դոնալդ Թրամփի անունով էր կոչել ԱՄՆ Խաղաղության ինստիտուտը։
Բացի այդ, փոփոխության է ենթարկվել Վաշինգտոնի խորհրդանիշներից մեկը. Ջոն Քենեդիի անվան կատարողական արվեստների հուշահամալիր կենտրոնը պաշտոնապես վերանվանվել է «Դոնալդ Ջ. Թրամփ-Ջոն Ֆ. Քենեդիի անվան կատարողական արվեստների հուշահամալիր կենտրոն»։ Զուգահեռաբար, Սպիտակ տունը հայտարարել է ռազմավարական նոր ծրագրի մասին, ըստ որի՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի համար կառուցվելու են երկու նոր՝ «Թրամփ» դասի ռազմանավեր։
Անկախության 250-ամյակի նոր ատրիբուտները ԱՄՆ անկախության հառաջիկա 250-ամյակի տոնակատարությունների շրջանակում Միացյալ Նահանգների իշխանությունները նախապատրաստում են պետական ատրիբուտների հատուկ թողարկումներ.
Անձնագրեր. Կթողարկվի անձնագրերի նոր շարք, որոնց վրա պատկերված կլինի Դոնալդ Թրամփի դիմանկարը, իսկ կազմին կլինի նրա ստորագրությունը՝ ոսկե տառերով։
Դրամաշրջանառություն. Նախագահի ստորագրությունը կհայտնվի նաև 100 դոլարանոց թղթադրամների նոր տպաքանակի վրա։
Հուշադրամներ. ԱՄՆ կերպարվեստի հանձնաժողովը հավանություն է տվել հոբելյանական 24 կարատանոց ոսկե մետաղադրամի թողարկմանը, որը կկրի նախագահի պատկերն ու «Ազատություն» (Liberty) գրությունը։

