Firebird AI-ը ՀՀ–ում 170 մլրդ դրամի ներդրումային ծրագիր կիրականացնի

Մինչև 2030 թվականը կենտրոնը կստեղծի 40 բարձր վարձատրվող աշխատատեղ:

ՀՀ կառավարությունն ապրիլի 30-ի նիստում մաքսատուրքից ազատման արտոնություն տրամադրեց «ՖԱՅՐԲԸՐԴ ԷՅԱՅ» ՓԲԸ-ին՝ գերակա ոլորտում խոշոր ներդրումային ծրագիր իրականացնելու համար։ 2025 թվականին հիմնադրված ընկերությունը նպատակ ունի Կոտայքի մարզում ստեղծել Արհեստական Բանականության (ԱԲ) և բարձր արտադրողականությամբ հաշվարկների (HPC) մասնագիտացված տվյալների մշակման կենտրոն (Data Center)։

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է աստղաբաշխական 170 մլրդ դրամ։ Ներդրումների առյուծի բաժինը՝ շուրջ 140 մլրդ դրամը, ուղղվելու է ժամանակակից հիմնական միջոցների և սարքավորումների ձեռքբերմանը։ Մինչև 2030 թվականը կենտրոնը կստեղծի 40 բարձր վարձատրվող աշխատատեղ՝ 400,000 դրամ միջին աշխատավարձով։ Կառավարության տրամադրած արտոնությունը գնահատվում է 2․6 մլրդ դրամ, ինչը թույլ կտա արագացնել տեխնոլոգիական այս հսկայի գործարկումը։