Փետրվարի 9-ի կարևոր լուրերը

Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում

Ջեյ Դի Վենսը այցելել է Հայաստան 
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի մամուլի քարտուղարը ներկայացրել է այցերի ժամանակացույցը։ Վենսը փետրվարի 9–10-ը կլինի Հայաստանում, իսկ փետրվարի 10–11-ը՝ Ադրբեջանում։ Օրակարգի մանրամասները դեռ չեն հրապարակվել, սակայն սպասվում է, որ քննարկումները կվերաբերեն տարածաշրջանային քաղաքական և անվտանգության հարցերին։

Հայ ըմբիշները հաղթել են Տալլինի միջազգային մրցաշարում
Տալլինում ավարտված «Քրիստիան Պալուս-ալուի» անվան 37-րդ հուշամրցաշարում Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականները թիմային պայքարում զբաղեցրել են առաջին տեղերը։ Մրցաշարին մասնակցել են 15 երկրի ըմբիշներ։

Երևանում մաքրվում է ձնամաքրման ընթացքում օգտագործված ավազը
Քաղաքապետարանի գործակարգավարական նիստում քննարկվել է ձնամաքրման ընթացքում օգտագործված ավազի մաքրման գործընթացը։ Նշվել է, որ օգտագործվել է մոտ 12 հազար խորանարդ մետր աղի ու ավազի խառնուրդ։ Մաքրման աշխատանքներն արդեն մեկնարկել են և նախատեսվում է ավարտել մոտ 15 օրում։

Վրաստանը խոստանում է ճանապարհաշինությունն ավարտել մինչև 2030-ը
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Թուրքիայի սահմանից մինչև Ադրբեջանի ու Հայաստանի սահմաններ տանող ճանապարհների հիմնական հատվածների շինարարությունը կավարտվի մինչև 2030 թվականի վերջը։

Ջեյ Դի Վենսին նամակ են ուղարկել հայ գերիների հարցով
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն ու Արտակ Բեգլարյանը նամակ են ուղարկել ԱՄՆ փոխնախագահին՝ պահանջելով միջամտել Բաքվում պահվող 19 հայ գերիների ազատ արձակման և անհայտ կորած հայերի ճակատագրի պարզման հարցում։ Նշվել է, որ առանց այս մարդասիրական խնդիրների լուծման կայուն խաղաղություն հնարավոր չէ։

Լավրովը սպառնացել է պատասխանել Եվրոպայի հարձակման դեպքում
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Եվրոպայի հարձակման դեպքում Մոսկվան կպատասխանի առկա բոլոր միջոցներով։

Տիգրան Ավինյանը խոսել է ավտոտնակների խնդրի մասին
Քաղաքապետարանի նիստում Տիգրան Ավինյանը անդրադարձել է ավտոտնակների թեմային՝ հորդորելով դրանց սեփականատերերին կնքել հողի վարձակալության պայմանագրեր, քանի որ ավտոտնակների տարածքները սեփականաշնորհել հնարավոր չէ։

Լոս Անջելեսում բողոքի ակցիա՝ եկեղեցու դեմ ճնշումների դեմ
Լոս Անջելեսի հայ հավատացյալները բողոքի ակցիա են իրականացրել Սուրբ Ղևոնդյաց եկեղեցում՝ ընդդեմ Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների։ Նրանք պահանջել են ազատ արձակել բանտարկված Սրբազաններին և նշել, որ մերժում են եկեղեցու պառակտմանն ուղղված գործողությունները։

Թուրքիան արագացրել է «Մարգարա» անցակետի աշխատանքները
Իգդիրի նահանգապետ Թաշոլարը այցելել է «Ալիջանի» սահմանային անցակետ՝ «Մարգարա» անցակետի վերակառուցման աշխատանքներին ծանոթանալու նպատակով։ Նա հայտարարել է, որ գործընթացը կավարտվի կարճ ժամկետում։

Շվեդիան զինված ուժերի արդիականացումը չի թաքցնում՝ ուղղված Ռուսաստանի դեմ
Շվեդիայում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Բելյաևը հայտարարել է, որ Շվեդիայի «ամբողջական պաշտպանության» ծրագիրը նախատեսում է պաշտպանական ծախսերի աճ և նոր զենքերի ներդրում՝ ուղղված Ռուսաստանի դեմ։

Եռօրյա գործադուլ Իսպանիայում
Իսպանիայում հայտարարվել է համազգային եռօրյա գործադուլ։ Գնացքավարները բողոքում են անվտանգության բավարար երաշխիքների բացակայությունից՝ հատկապես հունվարին տեղի ունեցած երկու մահաբեր վթարներից հետո, որոնց արդյունքում զոհվել էր 46 մարդ։

Երևանում երթևեկության սահմանափակումներ՝ պետական միջոցառումների պատճառով
Փետրվարի 9-ին և 10-ին պետական արարողակարգային միջոցառումների մասնակիցների անվտանգության ապահովման նպատակով Երևանի մի շարք փողոցներում կլինեն երթևեկության սահմանափակումներ։ Այսօր ժամը 17:00-ից 21:00-ը կսահմանափակվի երթևեկությունը Բաղրամյան պողոտայում՝ Պռոշյան փողոցի խաչմերուկից մինչև Մոսկովյան փողոցի խաչմերուկ։ Այսօր և վաղը տարբեր ժամերի սահմանափակումներ կլինեն նաև Աբովյան և Պուշկինի փողոցների որոշ հատվածներում։