Փետրվարի 3-ի բիզնես լուրերը

Ինչ է կատարվել Հայաստանի և

ՏԵՂԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ

2025-ին Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիան 5,8 տոկոսով ավելի է եղել 2024-ի համեմատ
2025 թվականին Հայաստանում արտադրվել է 9 միլիարդ 721 միլիոն կիլովատտ ժամ էլեկտրաէներգիա, ինչը 5,8 տոկոսով գերազանցում է 2024 թվականի ցուցանիշը։ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի խոսքով՝ հատկապես շեշտակի աճել է արևային էներգիայի արտադրությունը․ էներգահամակարգին միացված է շուրջ 1100 մեգավատտ դրվածքային հզորություն, աճը կազմել է 43 տոկոս։ Շարունակվել է նաև էլեկտրաէներգիայի արտահանումը Իրան և Վրաստան։

Գյումրիի չոր նավահանգստի շինարարության մեկնարկի ժամկետը մնում է անորոշ
Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ Գյումրիում նախատեսվող չոր նավահանգստի և արդյունաբերական հանգույցի նախագիծը շարունակում է մնալ օրակարգում, սակայն շինարարության մեկնարկի հստակ ժամկետներ դեռ սահմանված չեն։ Ծրագիրը նախատեսվում է իրականացնել օդանավակայանի, երկաթուղու և Թուրքիայի հետ սահմանի հարևանությամբ։

Հունվարին Սևանա լճի մակարդակը բարձրացել է 1 սմ-ով
2026 թվականի հունվարին Սևանա լճի մակարդակը բարձրացել է 1 սանտիմետրով։ Սա 2017 թվականից ի վեր առաջին դեպքն է, երբ լճի մակարդակը հունվարին աճ է գրանցում։ Մինչդեռ 2025 թվականի հունվարին մակարդակը նվազել էր 3 սանտիմետրով։

Հայաստանը շարունակում է Ռուսաստանի հետ բանակցությունները երկաթուղիների վերականգնման շուրջ
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հայտնել է, որ շարունակվում են բանակցությունները ռուսական կողմի հետ՝ Հայաստանն Ադրբեջանին և Թուրքիային կապող երկաթուղային հատվածների վերականգնման վերաբերյալ։ Նախատեսվում է վերականգնել Երասխից դեպի Նախիջևան, Իջևանից դեպի Ղազախ և Ախուրիկից դեպի Թուրքիայի սահման հատվածները։

2025թ. նոյեմբերին աշխատողների ամենամեծ թվաքանակը գրանցվել է առևտրի ոլորտում
Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2025 թվականի նոյեմբերին ամենաշատ աշխատողները զբաղված են եղել մեծածախ և մանրածախ առևտրի, ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգման ոլորտում՝ 140,418 աշխատակից։ Երկրորդ տեղում է կրթության ոլորտը՝ 129,086 աշխատողով։

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՈՒՐԵՐ

Հնդկաստանը ակնկալում է ԱՄՆ-ի հետ առևտրային գործարքի միջոցով մուտք գործել ամերիկյան տեխնոլոգիաներ
Հնդկաստանի արդյունաբերության նախարարությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ կնքված առևտրային գործարքը հնարավորություն կտա երկրին ստանալ ամերիկյան առաջատար տեխնոլոգիաներ և համատեղ մշակել նոր լուծումներ՝ տնտեսական աճի և համագործակցության համար։

ԱՄՆ-ը կստեղծի օգտակար հանածոների ռազմավարական պահուստ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներկայացրել է շուրջ 12 միլիարդ դոլար արժողությամբ նախագիծ՝ կրիտիկական նշանակություն ունեցող օգտակար հանածոների ռազմավարական պահուստ ստեղծելու համար։ Ծրագիրը կֆինանսավորվի մասնավոր միջոցներով և ԱՄՆ արտահանման ներմուծման բանկի վարկով։

Իրանը պատրաստ է ուրանի հարստացման մակարդակը իջեցնել մինչև 20 տոկոս
Թեհրանը հայտարարել է, որ պատրաստ է ուրանի հարստացումը 60 տոկոսից իջեցնել մինչև 20 տոկոս՝ պայմանով, որ ԱՄՆ-ը դրա դիմաց ֆինանսական փոխհատուցում տրամադրի։ Իրանի կողմը նշում է, որ բարձր հարստացման մակարդակը ունի ռազմավարական նշանակություն։

ԵՄ-ն Թուրքիային և Ադրբեջանին պարտավորեցրել է ապացուցել Եվրոպա մատակարարվող գազի ոչ ռուսական ծագումը
Եվրամիությունը նոր կարգավորումներով պարտավորեցրել է Թուրքիայից և Ադրբեջանից գազ արտահանողներին հաստատել, որ մատակարարվող գազը ռուսական ծագում չունի։ Քայլը միտված է ԵՄ-ի էներգետիկ ռազմավարությանը՝ ռուսական էներգակիրներից կախվածությունը նվազեցնելու ուղղությամբ։