ՏԵՂԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ
ՀՀ բանկերում 2025թ. նոյեմբերի դրությամբ սպասարկվել է 5.45 մլն հաճախորդ
2025թ.-ի նոյեմբերի դրությամբ Հայաստանի առևտրային բանկերում սպասարկվել է 5,450,079 հաճախորդ։ 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ աճը կազմել է 530,516 կամ 10.8%։ Նրանցից 5,220,317-ը ֆիզիկական անձինք են, իսկ 229,762-ը՝ իրավաբանական անձինք։
Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածում ավարտվել է երկրորդ թունելի հորատումը
Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածում ավարտվել է 530 մ երկարությամբ երկրորդ թունելի հորատումը։ Առաջին թունելի հորատումը՝ 455 մ երկարությամբ, ավարտվել էր նախորդ տարի։ Շարունակվում են նաև կամուրջների և հողային պաստառի կառուցման աշխատանքները։
ՀՀ ԱՍՀ նախարարն ու Բրազիլիայի դեսպանը քննարկել են սոցիալական պաշտպանության ոլորտի խնդիրները
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը փետրվարի 17-ին հանդիպել է ՀՀ-ում Բրազիլիայի դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգայի հետ։ Քննարկվել են աշխատանքի, զբաղվածության և սոցիալական աջակցության ոլորտներում համագործակցության հնարավորությունները։
Հռոմում Հայաստանը ներկայացրել է 2026-ին Երևանում կայանալիք COP17 համաժողովի տեսլականը
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը Հռոմում ներկայացրել է 2026-ին Երևանում կայանալիք COP17 համաժողովի տեսլականը՝ շեշտելով ֆինանսավորման կարևորությունը կենսաբազմազանության պահպանության նպատակների իրականացման համար։
2025թ.-ի դեկտեմբերի վերջի դրությամբ ՀՀ-ում փողի բազան կազմել է 2.07 տրլն դրամ
2025թ.-ի դեկտեմբերի վերջի դրությամբ Հայաստանում փողի բազան կազմել է 2,072,934 մլն դրամ՝ նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատ նվազելով 1.3%-ով։ ԿԲ-ից դուրս գտնվող կանխիկ դրամի ծավալն աճել է 16.8%-ով՝ կազմելով 1,152,023 մլն դրամ։
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՈՒՐԵՐ
Volkswagen-ը նախատեսում է մինչև 2028 թվականի վերջը 20%-ով կրճատել ծախսերը
Volkswagen-ը նախատեսում է մինչև 2028 թվականի վերջը 20%-ով կրճատել ծախսերը՝ շահութաբերությունը վերականգնելու նպատակով։ Ծրագիրը պայմանավորված է Չինաստանում բիզնեսի թուլացմամբ, ԱՄՆ-ում մաքսատուրքերի բարձրացմամբ և գլոբալ մրցակցության սրմամբ։
2025 թվականի վերջի դրությամբ Վրաստանում գրանցված է եղել 1,914,908 ավտոմեքենա
Վրաստանում 2025 թվականի ավարտին գրանցվել է 1,914,908 ավտոմեքենա։ Գրանցված մեքենաների մեծ մասը աշխատում է բենզինով։ Վրաստանում արգելված է մինչև 2013 թվականը արտադրված ավտոմեքենաների ներմուծումն ու գրանցումը՝ բացառությամբ վերաարտահանման կամ տարանցիկ նպատակներով ներմուծվող մեքենաների։
Ռուսաստանում մեղրի դեֆիցիտ է սպասվում
Ռուսաստանում 2025 թվականին եղանակային անոմալիաներն ու բերքի կրճատումը կարող են հանգեցնել մեղրի դեֆիցիտի։ Գները 2025 թվականի սեպտեմբերից աճել են 30-50%-ով, իսկ վերջին մեկ տարվա ընթացքում երկու խոշոր մեղր վերամշակողներ լքել են շուկան։
Բրիտանական բանկերը ցանկանում են արագացնել Visa-ի և Mastercard-ի այլընտրանքների ստեղծումը
Բրիտանական բանկերի ղեկավարները նախատեսում են ստեղծել Visa-ին և Mastercard-ին փոխարինող ազգային վճարային համակարգ։ Նոր համակարգը կարող է գործարկվել մինչև 2030 թվականը՝ ԱՄՆ վճարային համակարգերից կախվածությունը նվազեցնելու նպատակով։

