Փետրվարի 16-ի կարևոր լուրերը
Լուրեր |
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Աջակցության ակցիա՝ Բըրբանքում հայ եկեղեցու պաշտպանության համար
ԱՄՆ Բըրբանք քաղաքում՝ Հայ առաքելական եկեղեցու Արևմտյան Ամերիկայի թեմի առաջնորդարանի հարակից Սրբոց Ղևոնդաց եկեղեցում արդեն երկրորդ կիրակին է, ինչ պատարագից հետո մի խումբ հավատացյալներ ակցիա են իրականացնում՝ ի պաշտպանություն Հայ եկեղեցու և Վեհափառ Հայրապետի։ Նախորդ կիրակի թեմի առաջնորդարանը կոշտ արձագանքել էր՝ մասնակիցներին անվանելով «մոլորյալներ»։ Ակցիայի մասնակիցներից մեկն ասել է, որ եկել են ի աջակցություն Վեհափառի՝ հնչեցնելու այն աղոթքը, որը չի հնչում Ղևոնդաց եկեղեցու ներսում։ Նշվում է նաև, որ թեմի առաջնորդի խոսքում որևէ անդրադարձ չի եղել Վեհափառ Հայրապետի նկատմամբ քրեական հետապնդման թեմային։
Իսրայելում անկարգություններ՝ կին զինծառայողների վրա հարձակման պատճառով
Իսրայելի Բնե Բրակ քաղաքում ոստիկանությունը ձերբակալել է 12 անձի այն բանից հետո, երբ ուլտրաօրթոդոքս տղամարդկանց ամբոխը հարձակվել է երկու կին զինծառայողի վրա։ Հարձակվողները շրջել են ոստիկանական մեքենան և հրկիզել սպայի մոտոցիկլը։ Հասարակական կարգը վերականգնելու համար տարածքում ներգրավվել են մեծաթիվ ուժեր։
Պենտագոն․ ԱՄՆ-ը ձերբակալել է պատժամիջոցները խախտող ևս մեկ լցանավ
Պենտագոնը հայտնել է, որ ամերիկյան զինվորականները Կարիբյան ավազանում գործող պատժամիջոցների խախտման համար ձերբակալել են ևս մեկ լցանավ։ Նախնական տվյալներով՝ Veronica նավը, որը լողում էր Պանամայի դրոշի ներքո, ձերբակալվել է Հնդկական օվկիանոսի կենտրոնական հատվածում։ Ավելի վաղ նավը ներառվել էր ԱՄՆ ֆինանսների նախարարության պատժամիջոցների ցանկում՝ որպես իրանական նավթի տեղափոխումների հետ կապված նավ։
Էփշթեյնի ֆայլեր․ հրապարակվել է հայտնի անձանց ամբողջական ցուցակը
ԱՄՆ գլխավոր դատախազ Փեմ Բոնդին հրապարակել է այն հայտնիների ամբողջական ցուցակը, որոնց անունները հանդիպում են Էփշթեյնի ֆայլերում։ Համապատասխան նամակ է ուղարկվել ԱՄՆ Կոնգրեսի առաջնորդներին։ Ցուցակում ընդգրկված են Դոնալդ Թրամփը, Բարաք և Միշել Օբամաները, Արքայազն Հարրին, Բիլ Գեյթսը, Վուդի Ալլենը, Քիմ Քարդաշյանը, Կուրտ Քոբեյնը, Մարկ Ցուկերբերգը և Բրյուս Սփրինգսթինը։ Ընդհանուր առմամբ՝ ցուցակում ներառված է ավելի քան 300 անձ։
Իրան–ԱՄՆ բանակցությունները վերսկսվում են Ժնևում
Իրանը և ԱՄՆ-ն վաղը Ժնևում վերսկսելու են բանակցությունները տարածաշրջանում ստեղծված իրավիճակի շուրջ։ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին մեկնել է Ժնև՝ մասնակցելու անուղղակի միջուկային բանակցություններին և հանդիպելու Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսիի հետ։ ԱՄՆ պատվիրակությունը գլխավորում են Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները։ Արաղչին նշել է, որ Իրանը ձգտում է միջուկային համաձայնագրի, որը տնտեսական օգուտներ կտա երկու կողմերին։
ԵՄ-ն դեռ պատրաստ չէ նշել Ուկրաինայի անդամակցության հստակ ժամկետ
Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը հայտարարել է, որ ԵՄ անդամ երկրների կառավարությունները դեռ պատրաստ չեն նշել Ուկրաինայի անդամակցության կոնկրետ ամսաթիվ։ Հայտարարությունը հնչել է Մյունխենի անվտանգության համաժողովում՝ ի պատասխան Զելենսկու դիտարկման, որ անդամակցությունը կարող է լինել անվտանգության երաշխիքների մաս։
Զելենսկի․ ընտրություններ հնարավոր են միայն հրադադարից հետո
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ եթե Թրամփը կարողանա Պուտինի հետ համաձայնության գալ երկու կամ երեք ամսվա հրադադարի շուրջ, ապա Ուկրաինան կանցկացնի ընտրություններ։ Սակայն դրա համար անհրաժեշտ է առնվազն հրադադար։
ԵԱՏՄ ներսում առևտրի ծավալը հասել է 95 մլրդ դոլարի
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև ներքին առևտրի ծավալը 2025 թվականին կազմել է շուրջ 95 միլիարդ ԱՄՆ դոլար։ Այս մասին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչ Դանիյար Իմանալիևը։ Նա նշել է, որ 2025-ին Հայաստանը 15%-ով ավելացրել է մրգի և բանջարեղենի մատակարարումները ԵԱՏՄ շուկաներ, իսկ թարմ սառեցված ձկան արտահանումը աճել է 21%-ով։ Նա նաև հայտնել է, որ 2025-ի հունվար-նոյեմբերին փոխադարձ առևտրի տեսակարար կշիռը ԵԱՏՄ երկրների արտաքին առևտրաշրջանառության մեջ կազմել է 20%։
Երևանում ավազի մաքրման աշխատանքները կավարտվեն մեկ շաբաթում
Երևանում ձնամաքրման աշխատանքներից հետո փողոցներում և մայթերին մնացած ավազի մաքրման գործընթացը կավարտվի առաջիկա մեկ շաբաթում։ «Երևանի աղբահանության և սանմաքրման» հիմնարկի տնօրեն Սաշա Կատվալյանը այս մասին ասել է քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։ Տիգրան Ավինյանը նշել է, որ խնդիր է տեսնում աշխատանքի կազմակերպման մեջ՝ ընդգծելով, որ ավազի կույտերը պետք է անմիջապես հավաքվեն, հատկապես հնարավոր տեղումների պայմաններում։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Փետրվարի 16-ի կարևոր լուրերը
2026/02/16/ 19:19 -
Հայաստանի ֆոնդային բորսայի և Ռուս-հայկական համալսարանի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր
2026/02/16/ 18:34 -
IDBank-ը ներկայացուցչություն է բացել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքում
2026/02/16/ 18:20 -
Սառեցված հաշիվների պատճառով 22 հազար աշխատող չի ստացել աշխատավարձ և վերջնահաշվարկ․ Արցախի տեղեկատվական շտաբ
2026/02/16/ 17:44 -
285 մլն դրամ տույժ և դադարեցված լիցենզիա․ ՀԾԿՀ-ի 2025 թվականի հաշվետվությունը՝ թվերով
2026/02/16/ 17:26 -
Հունվարին ՀԴՄ խախտումների համար տուգանվել է 454 հարկ վճարող՝ 171 մլն դրամով
2026/02/16/ 15:04 -
Գերմանիան կերկարաձգի սահմանային վերահսկողությունը մինչև սեպտեմբերի 15-ը
2026/02/16/ 15:02 -
ՏՏ ոլորտի ու ռազմարդյունաբերության արդյունքները Հայաստանում․ կարևոր շեշտադրումներ՝ ԲՏԱ նախարարի ասուլիսից
2026/02/16/ 14:24 -
Իրանի ԱԳ նախարարը Ժնևում կհանդիպի ԱԷՄԳ ղեկավարին՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններից առաջ
2026/02/16/ 12:50 -
ՏՏ ընկերությունների թիվը Հայաստանում 2017-ի համեմատ աճել է 18,5 անգամ
2026/02/16/ 11:51
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 16, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՓԵՏՐՎԱՐԻ 15, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 14, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 13, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 12, 2026 Թ․