Փետրվարի 12-ի կարևոր լուրերը

Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։

Թրամփ-Նեթանյահու հանդիպում
Դոնալդ Թրամփը դրական է գնահատել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և նրա ներկայացուցիչների հետ հանդիպումը։ ԱՄՆ նախագահը նշել է, որ երկու երկրների հարաբերությունները շարունակում են մնալ գերազանց։ Թրամփի խոսքով վերջնական որոշումներ դեռ չեն կայացվել, սակայն անհրաժեշտ է շարունակել բանակցությունները Իրանի հետ՝ հասկանալու համար՝ հնարավոր է արդյոք համաձայնության հասնել։ Նա ընդգծել է, որ համաձայնությունն ավելի նախընտրելի տարբերակ է, իսկ հակառակ դեպքում պետք է սպասել արդյունքներին։ Թրամփը հիշեցրել է նաև «Կեսգիշերային մուրճ» գործողությունը՝ նշելով, որ Իրանի համար դա վատ ավարտ ունեցավ։

Իրան-Հայաստան ռազմավարական փաստաթուղթ
Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև ռազմավարական համագործակցության համապարփակ փաստաթուղթը կստորագրվի Նիկոլ Փաշինյանի՝ այս տարի Թեհրան կատարելիք այցի ընթացքում։ Այս մասին հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին՝ Իրանի ազգային տոնին նվիրված միջոցառման ժամանակ։ Դեսպանը հիշեցրել է, որ Իրանը առաջին երկրներից էր, որը ճանաչեց Հայաստանի անկախությունը և ընդգծել է հայ-իրանական բարեկամության հազարամյակների պատմությունը։

Փեզեշքիան․ «Առաջնորդի գործը վերքերը բուժելն է»
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ առաջնորդների հիմնական պարտականությունն է բուժել հասարակության վերքերը, այլ ոչ թե խորացնել դրանք։ Նա նշել է, որ շատ գիշերներ չի կարողացել քնել՝ ծանր ապրելով երկրի վիճակը, սակայն այլընտրանք չկա, քան մնալ ու կառուցել երկիրը։

Զելենսկի․ բանակցություններ Մոսկվայում կամ Մինսկում չեն լինի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Մոսկվայում կամ Մինսկում բանակցություններ չեն կայանա։ Նրա խոսքով՝ ինքը չի կարող գնալ ագրեսոր երկրի մայրաքաղաք՝ Պուտինի հետ բանակցելու։ Զելենսկին նշել է, որ պատրաստ է հանդիպել ԱՄՆ-ի և Եվրոպայի ցանկացած վայրում կամ չեզոք երկրում, բացի Ռուսաստանից ու Բելառուսից, քանի որ Բելառուսը 2022-ի հարձակման ժամանակ Ռուսաստանի դաշնակիցն էր։

Ռուսաստանը վերականգնում է հազարավոր ապաստարաններ
ՌԴ ԱԻՆ-ը հայտարարել է, որ վերականգնում է ավելի քան 20 հազար պաշտպանական կառույց 82 տարածաշրջանում։ 45 մարզերում հաստատվել են նախազգուշացման համակարգերի պատրաստության ծրագրեր։ Խորհրդային ապաստարանների լայնածավալ վերակառուցումը մեկնարկել է 2025 թվականի մայիսին։ Ծրագրի արժեքը գնահատվում է մոտ 155 միլիարդ ռուբլի՝ Ուկրաինայի պատերազմի ֆոնին քաղաքացիական պաշտպանության կարևորության աճի պայմաններում։

Օլիմպիական զվարճալի միջադեպ Իտալիայում
Իտալիայում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի նախապատրաստական փուլում շունը վազել է դեպի դահուկային լանջը և անցել ամբողջ ճանապարհը։ Հեռարձակման ռեժիսորը փոխել է տեսախցիկներն ու կադրերը այնպես, ինչպես կանի իրական մարզիկի մրցակցության դեպքում։

Ֆիդան․ ԱՄՆ-ը կարող է ճկուն լինել Իրանի հարցում
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է փոխզիջումների գնալ Իրանի միջուկային համաձայնագրի հարցում։ Նրա խոսքով՝ ամերիկացիները կարող են թույլատրել ուրանի հարստացումը Իրանում՝ հստակ սահմանված շրջանակներում։ Ֆիդանը նշել է, որ իրանցիները հասկանում են՝ պետք է համաձայնության գան ԱՄՆ-ի հետ, իսկ ամերիկացիները գիտակցում են՝ Իրանը նույնպես ունի իր սահմանները։