Փետրվարի 11-ի կարևոր լուրերը

Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։

ԱՄՆ–Ադրբեջան ռազմավարական գործընկերություն

Ադրբեջանը «Միջին միջանցք» և TRIPP նախագծերի զարգացման շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերել ԱՄՆ-ի հետ։ Ջեյ Դի Վենսն ու Իլհամ Ալիևը ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր։

«Թրամփի ուղի» նախաձեռնություն

ԱՄՆ փոխնախագահը նշել է, որ «Թրամփի ուղին» պետք է միացնի Ադրբեջանի երկու հատվածներն ու նպաստի տնտեսական գործակցության զարգացմանը՝ ներառյալ բնական ռեսուրսների և կարևոր օգտակար հանածոների ոլորտները։

ԱՄՆ նոր ռազմական աջակցություն Ադրբեջանին

Վաշինգտոնը մտադիր է Ադրբեջանին մատակարարել նոր մոտորանավակներ՝ երկրի ջրային տարածքների պաշտպանությունն ուժեղացնելու նպատակով։

Վենսի այցը Բաքու՝ Հայաստանից հետո

Նշվում է, որ Վենսը Բաքու է մեկնել Հայաստանից։ Մեկնելուց առաջ նա ասել էր, որ պատրաստվում է Ադրբեջանում քննարկել հայ գերիների թեման։

Կրակոցներ Կանադայի դպրոցում

Կանադայի դպրոցներից մեկում կրակոցների հետևանքով 10 մարդ մահացել է, 25-ը՝ վնասվածքներ ստացել։ Միջադեպը տեղի է ունեցել Բրիտանական Կոլումբիայի Թամբլեր Ռիջ քաղաքի միջնակարգ դպրոցում։

Կրակողը կին է եղել

Ոստիկանության տվյալներով՝ կրակողը կին է եղել․ նա սպանել է 9 մարդու, ապա ինքնասպան է եղել։

Վարչապետի այցի հետաձգում

Դեպքից հետո Կանադայի վարչապետը հետաձգել է Մյունխենյան այցը, որտեղ պետք է մասնակցեր անվտանգության համաժողովին։

Ալիմենտի պարտքերի պատճառով անձնագրերի չեղարկում ԱՄՆ-ում

Associated Press-ի տվյալներով՝ ԱՄՆ-ում պատրաստվում են խստացնել ալիմենտի պարտքերի համար անձնագրերի չեղարկման կարգը։

Օրենքի նոր ակտիվ կիրառում

Թրամփի վարչակազմը պատրաստվում է ակտիվ կիրառել 1996 թվականի օրենքը, ըստ որի՝ 2500 դոլարից ավելի ալիմենտի պարտք ունեցող անձանց անձնագրերը կարող են չեղարկվել մինչև պարտքի մարումը։

Պետդեպարտամենտի նոր մոտեցում

Եթե նախկինում գործի էին անցնում միայն անձնագրի երկարաձգման դիմումի դեպքում, ապա առաջիկայում նախատեսվում է անձնագրերը չեղարկել նաև նախարարության նախաձեռնությամբ՝ հիմնվելով տվյալների բազաների վրա։

 Հայաստանը չի վնասի Ռուսաստանին․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ռուսաստանին և Ռուսաստանի շահերին վնասելը չկա, չի եղել ու չի լինելու Հայաստանի օրակարգում։

«Չեն կարող մեզ ներքաշել Ռուսաստանի դեմ»

Նրա խոսքով՝ որևէ մեկը չի կարողանալու Հայաստանին ներքաշել Ռուսաստանի դեմ գործելու տրամաբանության մեջ։


Լավրովը քննադատել է ԱՄՆ խաղաղության նախաձեռնությունը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ուկրաինայի կարգավորման փաստաթղթերի ստորագրումը անվանել է ԱՄՆ խաղաղության նախաձեռնության «բռնաբարում»։

Արևմտյան տարբերակները՝ որպես ճնշման արդյունք

Լավրովի խոսքով՝ Կիևի և արևմտյան երկրների քննարկվող տարբերակները ամերիկյան նախաձեռնության խեղաթյուրման փորձ են։


Երևանն ու Բաքուն պետք է հաշվի առնեն Թեհրանի դիրքորոշումը․ Իրանի ԱԳՆ

Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարել է, որ Թեհրանը ակնկալում է՝ Երևանն ու Բաքուն որոշումներ կայացնելիս հաշվի կառնեն Իրանի դիրքորոշումը։


Եպիսկոպոսաց ժողովը կանցկացվի Ավստրիայում

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանը հայտնել է, որ փետրվարի 16-19-ին Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում։

Հեռավար մասնակցությունը խնդիր չի ստեղծի

Նա նշել է, որ երկրից չբացակայելու արգելքի տակ գտնվող 6 եպիսկոպոսների հեռավար մասնակցությունը չի խոչընդոտի ժողովի իրավաչափությանը։

Հիշեցում՝ ժողովը նախկինում հետաձգվել էր

Նշվում է, որ 2025-ի դեկտեմբերին նախատեսված ժողովը ժամանակավորապես հետաձգվել էր։


Ուկրաինան կարող է ընտրություններ անցկացնել մինչև մայիսի 15-ը․ Financial Times

Financial Times-ի տվյալներով՝ Ուկրաինան պատրաստվում է նախագահական ընտրություններ անցկացնել խաղաղության համաձայնագրի հանրաքվեի հետ նույն օրը՝ մինչև մայիսի 15-ը։

Զելենսկին հայտարարություն կանի փետրվարի 24-ին

Նշվում է, որ Զելենսկին նախատեսում է քվեարկությունների մասին հայտարարել փետրվարի 24-ին, իսկ Ռադան կկատարի անհրաժեշտ իրավական փոփոխությունները։


Պապիկյան․ նոր խթան պայմանագրային զինծառայողների համար

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտնել է, որ փոփոխություններով նախատեսվում է լրացուցիչ նյութական խթան ստեղծել հատկապես 24–25 տարեկան պայմանագրային զինծառայողների համար։

«Պաշտպան Հայրենյաց» ծրագիրն առանց պարտադիր ատեստավորման

Նախագծով վերանայվում են պարտադիր ատեստավորման դեպքերը, իսկ «Պաշտպան Հայրենյաց» ծրագրի զինծառայողները ատեստավորված կհամարվեն ավարտական քննությունների արդյունքներով։

4000 զինծառայող արդեն անցել է պայմանագրային ծառայության

Ծրագրով արդեն շուրջ 4000 ժամկետային զինծառայող անցել է պայմանագրային ծառայության։

Պատվովճար՝ նոր պայմանագրի ավարտին

Առաջարկվում է, որ առաջին 5-ամյա պայմանագրից հետո նոր պայմանագիր կնքած զինծառայողները ստանան պատվովճար՝ 2 տարվա դեպքում 1.5 մլն դրամ, 5 տարվա դեպքում՝ 5 մլն դրամ։


Օրենք՝ զինծառայությունից խուսափածների համար

ԱԺ-ն ընդունել է զինծառայությունից խուսափած 27-37 տարեկան քաղաքացիներին քրեական պատասխանատվությունից ազատելու տարբերակների մասին օրենքի նախագիծը։

Քվեարկության արդյունք

Օրինագիծն ընդունվել է 86 կողմ, 0 դեմ, 5 ձեռնպահ հարաբերակցությամբ։

Վենսը ջնջել է Հայոց ցեղասպանության մասին գրառումը․ Փելոսի

ԱՄՆ Կոնգրեսի նախկին նախագահ Նենսի Փելոսին հայտարարել է, որ խորապես հիասթափեցնող է Վենսի կողմից Հայոց ցեղասպանության մասին գրառման հեռացումը։

«Պատմության ջնջումը անարգում է զոհերին»

Փելոսիի խոսքով՝ պատմության ջնջումը անարգում է զոհերին և թուլացնում մարդու իրավունքների հանդեպ հանձնառությունը։

Գրառումը հեռացվել էր Վենսի էջից

Հիշեցվում է, որ Ջեյ Դի Վենսի սոցիալական էջից հեռացվել էր Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելության մասին հրապարակումը, որտեղ երկու անգամ հիշատակվել էր «Հայոց ցեղասպանություն» եզրույթը։