Փետրվարի 10-ի կարևոր լուրերը

Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում

YouTube-ը գործարկում է մոնետիզացիան Հայաստանում
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի խոսքով՝ YouTube-ի մոնետիզացիայի պաշտոնական գործարկումը Հայաստանում կարևոր քայլ է թվային տնտեսության զարգացման, հայ կոնտենտ ստեղծողների հզորացման և հայկական բովանդակության գլոբալ տեսանելիության ապահովման համար։ Նախարարությունը շարունակելու է համագործակցությունը YouTube-ի և միջազգային տեխնոլոգիական գործընկերների հետ՝ հայ ստեղծագործողների լիարժեք ինտեգրումը համաշխարհային թվային էկոհամակարգին ապահովելու նպատակով։

Փաշինյան-Վենս հանդիպումից հետո ներկայացվել են TRIPP և Firebird ծրագրերը
Նիկոլ Փաշինյանի և Ջեյ Դի Վենսի առանձնազրույցից ու ընդլայնված կազմով քննարկումներից հետո վարչապետին և ԱՄՆ փոխնախագահին ներկայացվել են TRIPP նախագծի իրականացման ընթացքը, Firebird ընկերության կողմից Հայաստանում արհեստական բանականության գործարան և տվյալների կենտրոն կառուցելու ծրագրի մանրամասները, ինչպես նաև Հայաստանի կողմից ԱՄՆ-ից ձեռք բերված «V-BAT» տեսակի անօդաչու թռչող սարքի հնարավորությունները։

Հայաստանում ճանապարհների վիճակը՝ հիմնականում անցանելի
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով բեռնատարների համար։ Արագածի տարածաշրջանում տեղում է ձյուն, իսկ Գեղարքունիքի մարզի ճանապարհներին տեղ-տեղ կա մերկասառույց։ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Թուրքիան հայտարարում է՝ ԱՄՆ-Իրան ռազմական սպառնալիք չկա
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի խոսքով՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև ռազմական գործողությունների սպառնալիք ներկայումս չկա։ Նա նշել է, որ կողմերը ցուցադրում են բանակցելու պատրաստակամություն, իսկ Թուրքիան օգտագործում է բոլոր հնարավոր միջոցները՝ հակամարտությունը կանխելու համար։ Ֆիդանը նաև ընդգծել է, որ հավատում է իրանական ռեժիմի անձեռնմխելիությանը։

ՌԴ-ն ասում է՝ ՀԱԷԿ նոր էներգաբլոկի համար այլընտրանք չկա ռուսական առաջարկին
ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի խոսքով՝ Հայաստանում ատոմային էլեկտրակայանի նոր էներգաբլոկի կառուցման համար ռուսական առաջարկներին իրական այլընտրանք ներկայում չկա։ Նրա խոսքով՝ «Ռոսատոմը» պատրաստ է հնարավորինս սեղմ ժամկետներում ձեռնամուխ լինել նախագծին՝ հաշվի առնելով հայկական կողմի ցանկությունները։ Գալուզինը նշել է նաև, որ Ռուսաստանը մտադիր է շարունակել հանդես գալ որպես Հայաստանի էներգետիկ անվտանգության երաշխավոր։

Guardian-ի լրագրողին ապշեցրել է Վենսի համար փռված հայկական գորգը
Երևանի օդանավակայանում ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի ինքնաթիռի վայրէջքի ժամանակ նրա թեքահարթակի առջև հայկական գորգ է փռվել։ Դեկորատիվ այդ ժեստը տպավորել է բրիտանական The Guardian-ի լրագրող Յակուբ Կրուպային, ով նշել է, որ չգիտի գորգի ամբողջ պատմությունը, սակայն ընդգծել է դրա գեղեցկությունը։

Ջեյ Դի Վենսը այցելել է Ծիծեռնակաբերդ
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը տիկնոջ հետ այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել։ Հիշեցնենք, որ Վենսը Հայաստան է ժամանել երեկ, հանդիպումներ է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի հետ։ Փաշինյանի հետ հանդիպման արդյունքներով փաստաթուղթ է ստորագրվել, և կողմերը հանդես են եկել հայտարարություններով։

Մեկնարկել է Ազգային ժողովի հերթական քառօրյան
Մեկնարկել է Ազգային ժողովի հերթական քառօրյան։ Օրակարգում են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին», «Ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում անհայտ կորած անձանց մասին» և «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքներում փոփոխությունների և լրացումների նախագծերը։

Լավրովը խոսել է Եվրասիայում միասնական անվտանգության ճարտարապետության մասին
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանն աշխատում է Եվրասիայում միասնական անվտանգության ճարտարապետություն ստեղծելու ուղղությամբ։ Նրա խոսքով՝ Մոսկվան շահագրգռված է փոխըմբռնման, վստահության և բարի-դրացիության սկզբունքների վրա հիմնված ազնիվ միջազգային համագործակցության հաստատմամբ։

Ուկրաինան և Ֆրանսիան պայմանավորվել են զենքի արտադրության շուրջ
Ֆրանսիացի գործընկերոջ հետ Կիևում կայացած բանակցություններից հետո Ուկրաինայի պաշտպանության նախարար Միխայիլ Ֆեդորովը հայտարարել է Ուկրաինայի և Ֆրանսիայի միջև զենքի արտադրություն սկսելու վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածության մասին։ Սակայն նա չի մանրամասնել, թե ինչ տեսակի զենք է արտադրվելու և երբ կսկսվի գործընթացը։

Զելենսկին հայտնել է՝ անվտանգության երաշխիքների փաստաթղթերը պատրաստ են
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ փաստաթղթերը պատրաստ են։ Նա նաև նշել է, որ այս շաբաթ տեղի կունենան միջազգային պաշտպանության և անվտանգության կարևոր միջոցառումներ։