Արդյո՞ք ՖԻՖԱ-ի Աշխարհի առաջնությունը վերածվելու է իսկական ձախողման: The Telegraph-ը գրում է, որ մինչև մեկնարկը մեկ ամսից էլ քիչ ժամանակ է մնացել, սակայն Ամերիկայի ամենահարգված զբոսաշրջային կառույցներից մեկի հրապարակած աղմկահարույց տվյալները հուշում են (ի հեճուկս բոլոր սպասումների), որ այս իրադարձությունը գուցեև չդառնա տուրիզմի այն աննախադեպ թռիչքը, որը վերջին չորս տարիներին խոստանում էին ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն ու նրա համախոհները։
Երբ Ամերիկայի հյուրանոցների և կացարանների ասոցիացիան ուսումնասիրեց ԱՄՆ-ի 11 հյուրընկալող քաղաքների հյուրանոցները, պարզվեց, որ ճնշող մեծամասնությունն ակնկալվածից շատ ավելի քիչ ամրագրումներ է ստացել: Քանզաս Սիթիում, որտեղ կայանալու են Նիդերլանդների, Ավստրիայի և Արգենտինայի մասնակցությամբ խաղերը, հյուրանոցների 85 տոկոսը հայտարարել է, որ դեռևս կիսադատարկ է:
Ավիատոմսերը նույնպես վատ են վաճառվում: Cirium ավիացիոն վերլուծական ընկերության տվյալներով՝ հուլիսի համար նախնական ամրագրումները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են շուրջ 14 տոկոսով, ինչն ամենևին չի հուշում այն մասին, որ շուտով մեկնարկելու է աշխարհի ամենախոշոր մարզական միջոցառումներից մեկը:
Նույնիսկ հիմա ավիատոմսերը զարմանալիորեն մատչելի են, ինչը խոսում է թույլ պահանջարկի մասին: Հոդվածը գրելու պահին American Airlines-ով Հիթրոուից Դալաս և հակառակ ուղղությամբ թռիչքը (ճիշտ Անգլիայի առաջին խաղի նախօրեին) արժե ընդամենը 1000 ֆունտ ստեռլինգից մի փոքր ավելի, իսկ British Airways-ը դեպի Բոստոն հետադարձով տոմսեր է առաջարկում 656 ֆունտով՝ Անգլիա-Գանա հանդիպման օրերին:
Այդուհանդերձ, ավիատոմսերից խնայած ցանկացած գումար, ամենայն հավանականությամբ, կփոշիանա խաղերի տոմսեր գնելիս: Այս պահին ՖԻՖԱ-ն Անգլիա-Խորվաթիա խաղի համար առաջարկում է «վերջին րոպեի» տոմսեր՝ 2,438 դոլարով (1,800 ֆունտ), և նույնանման գներ են գործում նաև մյուս երկու խաղերի համար: Եթե փնտրում եք բյուջետային տարբերակ, ապա ազատ տեղերով ամենաէժան հանդիպումը Չեխիա-Հարավային Աֆրիկա խաղն է, որտեղ ամենամատչելի նստատեղերն արժեն 600 դոլար (440 ֆունտ):
Երբ նայում ես եզրափակիչ խաղի տոմսերի աստղաբաշխական գներին (վերջին VIP փաթեթները հասնում են 35,000 դոլարի), հասկանալի է դառնում, թե ինչու է նույնիսկ Դոնալդ Թրամփը զարմացել ՖԻՖԱ-ի գնային քաղաքականությունից: «Ճիշտն ասած, ես էլ այդքան չէի վճարի»,- այս ամիս New York Post-ին տված հարցազրույցում ասել է նա, երբ նրան հարցրել են ԱՄՆ-ի առաջին խաղի տոմսերի գների մասին:
Բայց միայն տոմսերը չեն, որ կողոպուտ են հիշեցնում: Որոշ քաղաքներում ներքին տրանսպորտը սարսափելի թանկ է: Անգլիացի և շոտլանդացի երկրպագուները, ովքեր ցանկանում են Բոստոնի երկաթուղային կայարանից հասնել Ֆոքսբորոյի մարզադաշտ (մոտ 40 մղոն), ստիպված են երկկողմանի տոմսի համար վճարել 80 դոլար (60 ֆունտ), ինչը մոտ չորս անգամ գերազանցում է սովորական սակագինը:
Մի պահ նույնիսկ նախատեսվում էր, որ Նյու Յորքից դեպի Նյու Ջերսիում գտնվող MetLife մարզադաշտ պետական էլեկտրագնացքով մեկնող երկրպագուները երկկողմանի տոմսի համար պետք է վճարեն 150 դոլար: Դա նույնն է, թե Լոնդոնի տրանսպորտային վարչությունը (TfL) մարդկանցից 120 ֆունտ գանձի մետրոյով մինչև Ուեմբլի մարզադաշտ հասնելու համար: Բարեբախտաբար, Նյու Ջերսիի կառավարությունն ի վերջո սթափվեց և վերջ դրեց այս խենթությանը:
Բացասական գործոնների համախմբումը
Բարձր գները միակ պատճառը չեն, որ կարող են հետ պահել երկրպագուներին այս ամառ Ատլանտյան օվկիանոսը հատելուց: Իրականում, Աշխարհի առաջնությանն ընդառաջ ստեղծվել է բացասական գործոնների մի ամբողջ շղթա, որոնց մի մասի պատասխանատվությունը կրում է հենց ինքը՝ Նախագահը:
Նախ՝ դեռ թարմ են անցյալ տարվա այն սարսափելի պատմությունները, որոնք հայտնվեցին լրահոսում, երբ ԱՄՆ սահմաններին հսկողության խստացման պատճառով մի քանի անհաջողակ զբոսաշրջիկներ ձերբակալվեցին ու արտաքսվեցին: Ընդ որում, դա տեղի ունեցավ այնպիսի «զանցանքների» համար, որոնք մեզնից շատերին չնչին կթվային (օրինակ՝ ուելսցի մի կին ձերբակալվել էր իր Esta վիզայի պայմանները խախտելու համար, քանի որ անվճար կացարանի դիմաց տան գործեր էր արել):
Նույն համատեքստում է նաև խոշոր քաղաքների փողոցներում, այդ թվում՝ մեծ մարզական միջոցառումների ժամանակ, ներգաղթի և մաքսային հսկողության (ICE) գործակալների թվի կտրուկ ավելացումը: Վերջին ամիսներին Թրամփի վարչակազմի պաշտոնյաները պարբերաբար հրաժարվել են բացառել այն տարբերակը, որ զրահաբաճկոններով գործակալները կարող են հսկողություն իրականացնել հյուրընկալող քաղաքներում Աշխարհի առաջնության ժամանակ: Ըստ ամենայնի, նրանք այնտեղ չեն լինելու միայն երկրպագուներին դեպի մարզադաշտի ճիշտ մուտքն ուղեկցելու համար:
Քանի դեռ MAGA-ի (Թրամփի կողմնակիցների) ֆանատները չեն սկսել հեգնել, բոլորս էլ գիտենք, որ Թրամփն ընտրվել է Ամերիկայի թույլ սահմանները կարգի բերելու խոստումով: Բայց արդյո՞ք Նախագահի համար այդքան դժվար կլիներ հստակ ու բարձրաձայն ուղերձ հղել, որ օրինապահ զբոսաշրջիկներին այս ամառ սիրով սպասում են: Դա կօգներ հանդարտեցնել ֆուտբոլասերների մտահոգությունները՝ առանց վնասելու սահմանային ընդհանուր քաղաքականությանը:
Հենց նման համառությունն անցյալ տարվա վերջին հանգեցրեց կառավարության երկարատև աշխատանքի դադարեցմանը (շաթդաուն) և դրա հետևանքով առաջացած քաոսին ԱՄՆ-ի խոշոր օդանավակայաններում: Անցյալ նոյեմբերին օրական չեղարկվում էր մոտ 2,000 չվերթ, իսկ Ատլանտայի և Հյուսթոնի օդանավակայաններում անվտանգության հերթերում չորս ժամ տևողությամբ ուշացումներ էին գրանցվում: Շաթդաունը գուցե ավարտվել է, բայց ճանապարհորդները երկար հիշողություն ունեն:
Արդյո՞ք պետք է ակնկալել դատարկ նստատեղերի շարքեր, երբ հաջորդ ամիս մեկնարկի մրցաշարը: Նախ՝ դեռ կան տեղացի երկրպագուները. ցանկացած ոք, ով եղել է MLS-ի (Ամերիկյան ֆուտբոլային լիգա) խաղերին, կարող է փաստել, թե որքան կրքոտ են ամերիկացիներն այս օրերին ֆուտբոլի հարցում: Թեև դեռ կտեսնենք, թե արդյոք այդ ոգևորությունը կպահպանվի, օրինակ, Հյուսթոնում՝ շոգ աշխատանքային օրը կայանալիք Պորտուգալիա-Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն խաղի ժամանակ:
Նույն կերպ, գուցե եվրոպացի երկրպագուներից ոմանք օգտվեն առիթից: 1000 ֆունտից պակաս գնով երկկողմանի տոմս ձեռք բերելն ու մատչելի հյուրանոց գտնելը վատ տարբերակ չէ: Առնվազն հնարավորություն կլինի զգալ Աշխարհի առաջնության մթնոլորտը ամերիկյան սպորտային բարերից մեկում, որտեղ էկրաններն ավելի շատ են, քան էլեկտրոնիկայի խանութներում, իսկ գարեջրի համար գործում են հատուկ զեղչեր: Ով գիտի, գուցե բախտներդ էլ բերի: Ըստ տեղեկությունների՝ տոմսերի վերավաճառքի գները արագորեն նվազում են, քանի որ տոմսերի սպեկուլյանտները բախվում են ցածր պահանջարկի իրականությանը: Վճարել 250 ֆունտ Դալասում կայանալիք Անգլիա-Խորվաթիա խաղի «վերջին րոպեի» զույգ տոմսերի համա՞ր. այ սա արդեն խոսակցություն է:

