Կեղծ արձանագրություն և ոչ թարմ ձվեր «Արզնի»-ի արտադրանքում. ՍԱՏՄ-ը բացահայտել է խախտումներ

Արդյունքները կհրապարակվեն:

Սուրբ Զատկին ընդառաջ իրականացվող վերահսկողությունների ընթացքում ՍԱՏՄ-ը «Արզնի» ապրանքանիշի ձվերում հայտնաբերել է խախտումներ՝ կեղծ լաբորատոր տվյալներից մինչև թարմության անհամապատասխանություն, ինչի հետևանքով արտադրանքի իրացումը արգելվել է։
 
«ՍԱՏՄ տեսուչները վերահսկողության ընթացքում իրացման ցանցում վաճառվող «Արզնու տոհմային ԹՏԽ» թռչնաֆաբրիկա ԲԲԸ-ի արտադրության «Հավկիթ «Արզնի» յոդացված» ապրանքանիշի ձվերի տուփերում (24.03.2026 թ., 02 կարգ) հայտնաբերել են ներդիրներ՝ տեսչական մարմնին ենթակա «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տրամադրված փորձաքննության արձանագրության արտատպմամբ, առ այն, որ ձուն իսկապես պարունակում է յոդի թույլատրելի զանգվածային մաս:
 
Տեղեկացնում ենք, որ ՀԱԲԼԾԿ ՊՈԱԿ-ին «Արզնի» ձվի որևէ քանակություն «յոդի զանգվածային մաս» ցուցանիշի հետազոտության համար 2026 թվականին չի ներկայացվել և նմանատիպ արձանագրություն արտադրողին չի տրվել: Ավելին՝ սպառողին մոլորեցնելուն միտված այդ ներդիրում առկա «արձանագրությունը» իբրև ստորագրված է լաբորատորիայում 2023 թվականի մայիսից չաշխատող անձի կողմից:
 
«Յոդի զանգվածային մաս» ցուցանիշով հետազոտության արձանագրություն տնտեսվարողին տրվել է 2025 թվականի նոյեմբերի 19-ին՝ մի խմբաքանակի համար, որը հիմա, ակնհայտորեն, արդեն սպառվել է կամ ժամկետանց է:
 
Ավելին. տնտեսվարողներին տրամադրվող բոլոր արձանագրությունների վերջնամասում հստակ գրվում է, որ դրանք չի կարելի մասնակիորեն արտատպել կամ վերարտադրել: Նման թույլտվության դիմում չի ներկայացվել, և արձանագրությունը հրապարակելն ապօրինի է:
 
Նշված ներդիրով խմբաքանակից (24.03.2026 թ. 02 կարգ) կատարվել է նմուշառում և ներկայացվել լաբորատոր հետազոտության՝ «յոդի զանգվածային մաս» ցուցանիշով:
 
Արդյունքները կհրապարակվեն:
 
Ձվի նկատմամբ վերահսկողական միջոցառումների շրջանակներում, ՍԱՏՄ տեսուչների կողմից «Արզնու տոհմային ԹՏԽ» թռչնաֆաբրիկայում իրականացված դիտարկման ընթացքում նմուշառված ձվերի փորձաքննության արդյունքում (23.03.2026 թ. արտադրության, 01 կարգի, պահման ժամկետը 25 օր՝ 0-20 Co աստիճանում)՝ նմուշները «թարմության որոշում» ցուցանիշով չեն համապատասխանել ՀՍՏ 182-2012 ստանդարտով սահմանված առաջին տեսակի սեղանի ձվի պահանջներին (կճեպը ծակոտկեն, սպիտակուցը կիսաթափանցիկ, պղտոր, կոտրելիս՝ դեղնուցը ոչ առաձգական, առկա են արյան օղակներ, կողմնակի արտահայտված հոտ):
 
Տրվել է արտադրանքի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր»,- ասվում է ՍԱՏՄ տարածած հաղորդագրության մեջ: