Կեղծ թղթադրամների շրջանառության գործը փոխանցվել է դատարան

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։

ՀՀ քննչական կոմիտեն ավարտել է կեղծ թղթադրամների իրացման դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։

Ըստ ՔԿ-ի՝ մի խումբ անձինք 2025 թվականի մայիսից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում տարբեր անձանց իրացրել են կեղծ դրամներ՝ պատճառելով ավելի քան 1.1 մլն դրամի վնաս։

Մասնավորապես՝ իրացվել են 100.000 դրամ անվանական արժեքով 1 հատ, 50.000 դրամով 20 հատ, 20.000 դրամով 1 հատ և 10.000 դրամով 5 հատ կեղծ թղթադրամներ։

Նախաքննությամբ պարզվել է, որ խմբում ընդգրկված անձինք խարդախությամբ հափշտակել են ընդհանուր 1 մլն 149 հազար 860 դրամի գույք։

Չորս անձանց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 29 դրվագով կեղծ արժույթ իրացնելու և խարդախություն կատարելու համար։

Երկուսի նկատմամբ կիրառվել է տնային կալանք, իսկ մյուս երկուսի նկատմամբ՝ վարչական հսկողություն։

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։

Նշվում է, որ մեղադրվող անձինք համարվում են անմեղ, քանի դեռ նրանց մեղավորությունը չի ապացուցվել դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։