Թանկ տոմսեր և չեղարկված թռիչքներ. Էներգետիկ ճգնաժամը սպառնում է եվրոպացիների ամառային հանգստին

Իրավիճակը Հորմուզի նեղուցի շուրջ կարող է էլ ավելի սրել էներգակիրների դեֆիցիտը։

Մերձավոր Արևելքում չդադարող հակամարտությունը սկսել է լուրջ հարված հասցնել եվրոպական ավիացիոն շուկային։ Բրիտանական Politico պարբերականի փոխանցմամբ՝ ԵՄ էներգետիկ հարցերով հանձնակատար Դան Յորգենսենը զգուշացրել է, որ ավիաընկերություններն արդեն իսկ սկսել են վերանայել իրենց չվացուցակները՝ չեղարկելով որոշ ուղղություններ և բարձրացնելով տոմսերի գները։

Յորգենսենի խոսքով՝ իրավիճակը Հորմուզի նեղուցի շուրջ կարող է էլ ավելի սրել էներգակիրների դեֆիցիտը։ Միջազգային էներգետիկ կազմակերպություններն իրենց հերթին նախազգուշացնում են Եվրոպայում դիզելային վառելիքի և ավիակերոսինի հնարավոր պակասուրդի մասին։ Ստեղծված պայմաններում Եվրամիությունը դիտարկում է ռազմավարական պաշարների օգտագործման և անդամ երկրներին լրացուցիչ ֆինանսական աջակցություն տրամադրելու տարբերակները՝ գների անկառավարելի աճը զսպելու համար։