ABNews

Ե՛վ ԵՄ-ն, և՛ ԵԱՏՄ-ն մեզ հավասարապես պետք են այնքան ժամանակ, մինչև մեր հանձնառությունը՝ այլընտրանքներ ձևավորելու, կատարած կլինենք. Փաշինյան

Լուրեր | 2026/08/13 14:52

Ե՛վ ԵՄ-ն, և՛ ԵԱՏՄ-ն մեզ հավասարապես պետք են այնքան ժամանակ, մինչև մեր հանձնառությունը՝ այլընտրանքներ ձևավորելու, կատարած կլինենք. Փաշինյան

Հայաստանի ժողովուրդն ընտրության իրական իրավունք չի ունեցել, որովհետև Հայաստանի ժողովրդին անընդհատ առաջնորդել են դեպի թակարդներ

Մեզ և՛ ԵՄ-ն, և՛ ԵԱՏՄ-ն հավասարաչափ և հավասարապես պետք են այքան ժամանակ, մինչև մենք մեր հանձնառությունը՝ այլընտրանքներ ձևավորելու, կատարած կլինենք, և մեր ժողովուրդն ընտրություն կկատարի նրանցից որևէ մեկի օգտին: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Իմիջիայլոց, ուրիշ ընտրություն էլ կա: Մենք երկուսը նշում ենք, բայց կա երրորդ ընտրությունը. կարող է երրորդ նախաձեռնություն էլ լինել՝ ո՛չ ԵԱՏՄ, ո՛չ ԵՄ: Իսկ ո՞վ է ասել, որ բոլորը պարտադիր ինչ-որ տեղ գնում են: Կարող է երրորդ տարբերակ էլ լինել:

Իհարկե ասում եմ, որ ԵԱՏՄ հայտնի ղեկավարի ասածը նման դեր ունեցել է, բայց խնդիրն այն չէ, որ մի քաղաքական գործիչ մի բան է հայտարարել, ՀՀ-ն էլ դրան արձագանքում է այսպես, ինչպես ընդունված է ասել, overreact է անում: Խնդիրը այդ երևույթը չէ: Խնդիրն այդ երևույթի տակ ընկած ընկալումն է, որ ի վերջո մենք, հարգելի՛ գործըներներ, պե՞տք է իրար աչքերի մեջ նայենք և ասենք այն, որ ինչ Բելառուսի նախագահն ասել է, ԵԱՏՄ անդամ մի շարք երկրների ընկալումն է ՀՀ-ի մասին, խոր ինստիտուցիոնալ ընկալումը, և դա անհարգալից ընկալում է: Այդ ընկալումն ինչի՞ վրա է հիմնված եղել. այդ ընկալումը հիմնված է եղել այն բանի վրա, որ, դե, Ղարաբաղի կոնֆլիկտը կա, Ադրբեջանի հետ կոնֆլիկտը կա, Թուրքիայի հետ կոնֆլիկտը կա, այդ թշնամություններն անհաղթահարելի են, ուրեմն իրենք փախչելու տեղ չունեն: Իրենց ոնց ուզենք, այնպես կարող ենք վերաբերվել:

Բա ինչի՞ է այս խոսակցությունը բացվել խաղաղության միջավայրում և խաղաղության պայմաններում: Բա որ ասում էի՝ Ղարաբաղի հարցը լծակ էր, պարան էր, թոկ էր կամ թակարդ էր (ես բառերն ասացի), բա ի՞նչ նկատի ունեի. հենց սա նկատի ունեի:

Հայաստանի ժողովուրդն ընտրության իրական իրավունք չի ունեցել, որովհետև Հայաստանի ժողովրդին անընդհատ առաջնորդել են դեպի թակարդներ: Հիմա մենք ուզում ենք Հայաստանի ժողովրդի համար ստեղծել այլընտրանքներ, որպեսզի ժողովուրդն ինքն ընտրի: Կընտրի՞ ԵԱՏՄ-ն, ուրեմն կլինենք ԵԱՏՄ, կընտրի՞ ԵՄ-ն, կլինենք ԵՄ, բայց այդ ընտրությունը պետք է հասունացած լինի»,- ասաց նա՝ հավելելով, որ այսօր արդեն ուրիշ այլընտրանքեր էլ կան, և որ այդ կերպ ապացուցվել է, որ Հայաստանը ծայրագավառ չէ, ՀՀ-ն խաչմերուկ է Հարավային Կովկասի հետ:

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը