Մերձավոր Արևելքում պատերազմի սրման և Հորմուզի նեղուցի հնարավոր փակման պայմաններում համաշխարհային էներգակիրների մատակարարումների զգալի մասը վտանգված է։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն։
Նրա խոսքով՝ հատկապես խոցելի է Եվրոպան, քանի որ Եվրամիությունն արդեն սահմանափակել է ռուսական էներգակիրների ներմուծումը, իսկ Մերձավոր Արևելքում հակամարտությունը ևս կրճատում է համաշխարհային մատակարարումները։
«Երբ առաջարկը նվազում է, գները բարձրանում են։ Այսպիսով, Եվրոպան կանգնած է գների կտրուկ բարձրացման վտանգի առաջ»,- նշել է Սիյարտոն։
Նա զգուշացրել է, որ եթե Բրյուսելը պահպանի գործող պատժամիջոցները, դա կարող է լուրջ վնաս հասցնել եվրոպական տնտեսությանը և բնակչությանը։
Հունգարիայի ԱԳ նախարարը ընդգծել է, որ առաջնահերթությունը պետք է լինի եվրոպացիների շահերի պաշտպանությունը, այլ ոչ թե գաղափարախոսական մոտեցումները։

