Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) միջխորհրդարանական վեհաժողովը հրավեր է ստացել Հայաստանում 2026 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրություններին դիտորդական գործունեություն ծավալելու համար։ Այս մասին տեղեկացնում է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի քարտուղարության մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը համապատասխան նամակ է ուղարկել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախագահ, Ռուսաստանի Դաշնության Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին։
Նամակում ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի պատվիրակությանը հրավեր է ուղղվում մասնակցելու Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների միջազգային դիտարկմանը։
«ՀՀ իշխանությունները հանձնառու են ընտրություններն անցկացնել ժողովրդավարական նորմերին և չափանիշներին համապատասխան՝ ազատության, արդարության և թափանցիկության ոգով»,– նշված է նամակում։
ՀՀ Ազգային ժողովի հերթական ընտրությունները նախատեսված են 2026 թվականի հունիսի 7-ին։

