Եվրամիությունը լրացուցիչ 140 մլն եվրոյի ֆինանսական աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ բարեփոխումների իրականացման և երկկողմ համագործակցության խորացման նպատակով։ Այս մասին հայտարարել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։
Նրա խոսքով՝ Հայաստանը դիտարկվում է որպես վստահելի գործընկեր Հարավային Կովկասում, հատկապես տարածաշրջանային լարվածության պայմաններում։
Հանձնակատարը նշել է, որ աջակցությունը ուղղված է նաև այն բարեփոխումներին, որոնք անհրաժեշտ են վիզաների ազատականացման գործընթացում առաջընթաց ապահովելու համար։
Միաժամանակ ընդգծվել է տարածաշրջանային կապակցվածության աճը․ 2022 թվականից ի վեր Հարավային Կովկասով անցնող բեռնափոխադրումների ծավալները քառապատկվել են։
ԵՄ-ն դիտարկում է ենթակառուցվածքային ներդրումները որպես գործիք՝ փոխադրումների արդյունավետությունը բարձրացնելու և ծախսերը նվազեցնելու համար։
Տվյալների համաձայն՝ «Դիմակայության և աճի» ծրագրի շրջանակում արդեն աջակցություն է ստացել շուրջ 7000 ձեռնարկություն, ստեղծվել է ավելի քան 20 հազար աշխատատեղ։
Բացի տնտեսական ուղղությունից, աջակցությունը ներառում է կրթության, սոցիալական ծառայությունների և բնակարանաշինության ծրագրեր, ինչպես նաև ԼՂ-ից տեղահանված անձանց ինտեգրման միջոցառումներ՝ ավելի քան 70 մլն եվրոյի շրջանակում։
ԵՄ-ն նաև պատրաստակամություն է հայտնել աջակցել ընտրական գործընթացների կազմակերպմանը՝ հիբրիդային սպառնալիքների և ապատեղեկատվության դեմ պայքարի միջոցով։
Տվյալ քայլերը ցույց են տալիս, որ ֆինանսական աջակցությունը զուգորդվում է ինստիտուցիոնալ բարեփոխումների և տարածաշրջանային ինտեգրման խորացման նպատակներով։

