Այս մասին հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարությունը։
Նախարար Սարգսյանը բարձր է գնահատել Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացումը՝ նշելով, որ մեկ ամսում սա արդեն երկրորդ հանձնակատարի այցն է Հայաստան։
Նրա խոսքով՝ վիզաների ազատականացման գործընթացում Հայաստանը մայիսին կստանա առաջընթացի գնահատման վերջնական զեկույցը, և ակնկալվում են դրական արդյունքներ։
Որպես գլխավոր բանակցող՝ Սարգսյանը ներկայացրել է գործընթացում արձանագրված արդյունքները և վերահաստատել Հայաստանի հանձնառությունը՝ լիարժեք իրականացնելու գործողությունների ծրագիրը։
Նա կարևորել է հատկապես միգրացիայի կառավարման, սահմանների վերահսկման և փաստաթղթերի անվտանգության ոլորտներում կատարվող աշխատանքները։
Նշվել է նաև Եվրոպոլում հայկական կապի սպայի նշանակման կարևորությունը՝ իրավապահ համագործակցության խորացման համատեքստում։
Մարթա Կոսը բարձր է գնահատել Հայաստանի ջանքերը՝ ընդգծելով, որ Հայաստանը ԵՄ-ի համար վստահելի գործընկեր է և այս ուղղությամբ ակտիվ երկխոսություն ունեցող միակ երկիրը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև անվտանգության, հիբրիդային սպառնալիքների և կիբեռհարձակումների դեմ պայքարի հարցեր։
Նշվել է նաև, որ վերջին հետազոտությունների համաձայն՝ ոստիկանության նկատմամբ հանրային վստահության մակարդակը աճել է։

