Եվրամիությունը քննարկում է եվրոպական երկրների համար էներգակիրների արժեքի նվազեցման տարբերակներ, որոնց թվում է նաև գազի գնի սահմանափակումը։ Այս մասին Ստրասբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նիստում հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
«Չափազանց կարևոր է, որ մենք նվազեցնենք ազդեցությունն արժեքի վրա, երբ գազն է որոշում էլեկտրաէներգիայի գինը», - նշել է նա։
Ֆոն դեր Լայենի խոսքով՝ ԵՄ իշխանությունները պատրաստում են մի շարք տարբերակներ, այդ թվում՝ էլեկտրաէներգիայի մատակարարման համաձայնագրերի և գնի տարբերության մարման պայմանագրերի ավելի արդյունավետ կիրառություն, ինչպես նաև պետական աջակցության միջոցներ։
Եվրամիությունը նաև ուսումնասիրում է սուբսիդավորման մեխանիզմներն ու գազի գնի առավելագույն շեմի սահմանման հնարավորությունը։
Եվրահանձնաժողովի նախագահը նշել է, որ Իրանի դեմ պատերազմի հետևանքով էներգակիրների ներմուծման տեսանկյունից ԵՄ 27 երկրների քաղաքացիների վրա արդեն կուտակվել է մոտ 3 միլիարդ եվրոյի լրացուցիչ բեռ։

