Եվրամիության երկրները 2025 թվականին 4,8 միլիարդ եվրո են հատկացրել Ուկրաինայի համար առաջնահերթ պահանջների ցանկի (PURL) ծրագրին, որը նախատեսում է Կիևի համար զենքի ձեռքբերում ԱՄՆ-ից։ Այս մասին «ՌԲԿ-Ուկրաինա»-ին տված հարցազրույցում հայտնել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Իգոր Ժովկվան։
Նրա խոսքով՝ Ուկրաինան ունի 28 անվտանգության համաձայնագիր, որոնց մեծ մասը նախատեսում է ռազմական օգնության հստակ չափեր 10-ամյա ժամկետում։ Ժովկվան նշել է, որ մի շարք երկրներ ոչ միայն կատարում են պարտավորությունները, այլև գերազանցում դրանք։
«Գերմանիան, որն ունի 8 միլիարդ եվրոյի պարտավորություն, միայն այս տարվա համար հաստատել է 11,5 միլիարդ եվրոյի բյուջե և իրականացնում է այն», — ասել է նա։
Ժովկվայի խոսքով՝ օգնությունը տրամադրվում է երեք հիմնական ուղղությամբ՝
-
ուղիղ ռազմական աջակցություն,
-
համատեղ արտադրության համաֆինանսավորում,
-
ներդրումներ PURL ծրագրում։
Նա նշել է, որ փետրվարին Ուկրաինան արդեն ստացել է 584 միլիոն եվրո։ Ծրագրին առաջին անգամ միացել է Մեծ Բրիտանիան՝ հատկացնելով 200 միլիոն եվրո։ Ներդրումներ են կատարել նաև Նորվեգիան, Նիդեռլանդները, Շվեդիան, Իսլանդիան և Լատվիան։
Ժովկվան ընդգծել է, որ այժմ օգնությունը տրամադրվում է բացառապես Ուկրաինայի ներկայացրած կոնկրետ պահանջների հիման վրա։
«Մենք հեռացել ենք այն ձևաչափից, երբ մեզ տալիս էին այն, ինչ կարող էին։ Այժմ հստակ նշվում է, թե ինչ է անհրաժեշտ Ուկրաինային», — նշել է նա։
Պաշտոնյայի խոսքով՝ ներկայում առաջնահերթությունը տրվում է հակաօդային պաշտպանությանը, հրթիռներին և անօդաչու թռչող սարքերին, քանի որ պատերազմը հիմնականում ընթանում է օդային և անօդաչու տեխնոլոգիաների կիրառմամբ։
Նա նաև նշել է, որ եթե Եվրոպան բավարար և ժամանակին մատակարարումներ ապահովեր, հնարավոր է՝ բալիստիկ հրթիռները չհարվածեին Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին։
Էներգետիկ ոլորտում օգնության մասով Ժովկվան ընդգծել է, որ Ուկրաինային անհրաժեշտ են կոնկրետ սարքավորումներ և տեխնիկական միջոցներ, որոնց ցանկը ներկայում մշակվում է Էներգետիկայի նախարարության կողմից։

