Էստոնիայում մեկնարկում են Pikne («Կայծակ») զորավարժությունները՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների զինծառայողների մասնակցությամբ, որոնք կտևեն երկու շաբաթ։ Այս մասին հայտնել է ERR ազգային հեռուստառադիոկայանի պորտալը՝ հղում անելով Էստոնիայի պաշտպանության ուժերին։
Զորավարժություններին կմասնակցի մոտ 3 հազար զինծառայող ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Կանադայի, Լատվիայի և Էստոնիայի ցամաքային, օդային և ծովային ստորաբաժանումներից։ Հիմնական գործողությունները կծավալվեն բալթյան հանրապետության հյուսիսային, արևմտյան և արևելյան հատվածներում։ Միջոցառումների շրջանակում դաշինքի անդամ ստորաբաժանումները կմշակեն ուժերը պոտենցիալ կոնֆլիկտի գոտի արագ տեղափոխելու և սպառնալիքներին համատեղ կերպով հակահարված հասցնելու մեխանիզմները։
Գերատեսչությունը նշել է, որ վարժանքները պաշտպանողական բնույթ են կրում։

