2026 թվականի երրորդ եռամսյակում 12-ամսյա գնաճը շարունակել է ձևավորվել թիրախից բարձր մակարդակում՝ սեպտեմբերին կազմելով 4.3%, իսկ 12-ամսյա բնականոն գնաճը կազմել է 4.7%: Այս մասին հայտնում են ԿԲ–ից։
Տարածաշրջանային հակամարտությունների տևականության և դրանց կարգավորման հեռանկարի շուրջ մեծ անորոշության պայմաններում համաշխարհային տնտեսությունում պահանջարկի հետագա թուլացման և, միաժամանակ, գնաճային ճնշումների ավելացման ռիսկերն աստիճանաբար դառնում են ավելի առարկայական։
ԱՄՆ-ում, ԱԲ ոլորտում բարձր և ընդլայնվող ներդրումային ակտիվությունը և, մյուս կողմից՝ հարկաբյուջետային կայունության շուրջ մտահոգությունները պարունակում են երկարաժամկետ չեզոք տոկոսադրույքների հնարավոր աճի ուղղությամբ ռիսկեր՝ զարգացող երկրներում չեզոք տոկոսադրույքների և կապիտալի հոսքերի վրա համապատասխան ազդեցություններով։
Եվրոգոտում և Ռուսաստանում, չնայած վերջին եռամսյակներում տնտեսական աճի թույլ վերականգնմանը, կառուցվածքային խնդիրները պահպանվում են՝ սահմանափակելով նաև միջնաժամկետ տնտեսական աճի հնարավորությունները:
Մերձավոր Արևելքում լարվածության պահպանման, մատակարարման շղթաների կայունության վերաբերյալ մտահոգությունների պայմաններում էներգակիրների գները շարունակել են ձևավորվել բարձր մակարդակներում, իսկ կուտակված պաշարների աստիճանական նվազումը մեծացրել է շուկայի խոցելիությունն առաջարկի հնարավոր նոր ցնցումների նկատմամբ։
Զուգահեռաբար, պայմանավորված ինչպես ընթացիկ աշխարհաքաղաքական զարգացումներով, այնպես էլ անբարենպաստ եղանակային պայմաններով, արձանագրվում է նաև համաշխարհային պարենամթերքի գների աճի արագացում։ Այս համատեքստում առարկայական են առաջատար երկրների կենտրոնական բանկերի կողմից քաղաքականության տոկոսադրույքների հետագա բարձրացման և բարձր մակարդակներում երկար պահպանման ռիսկերը:


