Կառավարության հոկտեմբերի 8-ի նիստում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել է երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության աջակցության ծրագրի փոփոխությունների նոր նախագիծը, որն այժմ գտնվում է հանրային քննարկման փուլում:
Ինչու է դա կարևոր. Նախագծով առաջարկվում է ունիֆիկացնել աջակցության չափը և բարձրացնել ձեռք բերվող գույքի առավելագույն արժեքի շեմը, ինչպես նաև վերանայել մարզային բաղադրիչը՝ հաշվի առնելով դրա ցածր արդյունավետությունը:
Առաջարկվող հիմնական փոփոխությունները.
Ֆիքսված աջակցություն. Երեխայի ծննդյան կապակցությամբ հիփոթեքի մարման աջակցությունը սահմանվում է 1 միլիոն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից (առաջին, երկրորդ, երրորդ և այլն) և վարկի մնացորդային գումարից:
Գույքի առավելագույն գին. Անշարժ գույքի գնի առավելագույն սահմանաչափը 35 մլն դրամից բարձրացվում է մինչև 40 միլիոն դրամ:
Պայմանների խստացում. Այլ բնակելի գույք չունենալու պայմանը ստուգելիս հաշվի է առնվելու նաև դիմելուն նախորդող 12 ամիսներին օտարված գույքը:
Մարզային բաղադրիչի փոփոխություն. Առանձին մարզային բաղադրիչը կդադարեցվի, քանի որ դրանից օգտվողների մեծ մասը կենտրոնացել էր Երևանին մոտ գտնվող Կոտայքի մարզում՝ չապահովելով ապակենտրոնացում: Նոր 1 մլն դրամի աջակցության կարգը տարածվելու է բոլոր համայնքների վրա:
Հետագա ընթացքը. Նախագիծը շրջանառվում է. վերջնական տարբերակը կձևավորվի հանրային քննարկման արդյունքներով, իսկ ընդունումը նախատեսված է մինչև տարեվերջ:


