Օգոստոսի 7-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ ամփոփվել է ՆԳՆ քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության, համայնքային ոստիկանության մայրաքաղաքի բաժինների, ՊԾ Երևան քաղաքի գնդի և Ոստիկանության գվարդիայի Երևանի պահպանության բաժինների 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից։
Ներկա էին Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Ցուցուլյանը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմի ներկայացուցիչներ։
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետը ներկայացրել է, որ հաշվետու ժամանակահատվածում վարչության կողմից գրանցվել է հանցագործության 1833 դեպք՝ շուրջ 20,9 տոկոսով պակաս նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Նվազել են ծանր և առանձնապես ծանր հանցագործությունները։ Մարդու դեմ ուղղված հանցագործությունները նվազել են 39,3, սեփականության դեմ ուղղվածները՝ 23,5, տնտեսական գործունեության դեմ ուղղվածները՝ 41,3 տոկոսով։ Միաժամանակ 81,5 տոկոսով աճել են պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունները։ Սպանության փորձերը նվազել են 7,7, իսկ հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները՝ 18,2 տոկոսով։ Նվազել են նաև բնակարանային գողության և խարդախության դեպքերը։
Աճել են հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունները, ինչը հիմնականում պայմանավորված է Պարեկային ծառայողների կողմից առանց վարորդական իրավունքի տրանսպորտային միջոց վարելու դեպքերի հայտնաբերմամբ։
Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում արձանագրվել է հանցագործության 1184 դեպք՝ 3,2 տոկոսով ավելի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Սեփականության դեմ ուղղված հանցագործությունները նվազել են 15,3, պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղվածները՝ 22,3 տոկոսով։ Աճել են ընտանեկան բռնության դեպքերն ու անչափահասների կողմից կատարված հանցագործությունները։
Նուբարաշենի բաժնում գրանցվել է հանցագործության 128 դեպք՝ նախորդ տարվա 50-ի դիմաց։ Նվազել են մարդու և սեփականության դեմ ուղղված հանցագործությունները։ Բացահայտման ցուցանիշն կազմել է 81,3 տոկոս։
Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնում արձանագրվել է հանցագործության 817 դեպք՝ 21 տոկոսով ավելի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Հասարակական անվտանգության, կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործություններն աճել են 88,5 տոկոսով, մինչդեռ մարդու դեմ ուղղվածները նվազել են 22,6, սեփականության դեմ ուղղվածները՝ 17,8 տոկոսով։
1553 հանցագործության դեպք է գրանցվել Համայնքային ոստիկանության Կենտրոնականի բաժնում՝ 44,4 տոկոսով պակաս նախորդ տարվա համեմատ։ Մարդու դեմ ուղղված հանցագործությունները նվազել են 78,7 սեփականության դեմ ուղղվածները՝ 50,6, տնտեսական գործունեության դեմ ուղղվածները՝ 49,2 տոկոսով։
Մարաշի բաժնում գրանցվել է հանցագործության 357 դեպք՝ 38,9 տոկոսով ավելի նախորդ տարվա համեմատ։ Պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործություններն աճել են 81,5 տոկոսով։ Աճել են նաև ընտանեկան բռնության դեպքերը, անչափահասների կողմից և նրանց նկատմամբ կատարված հանցագործությունները։
Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի սպասարկման տարածքում աճել են ընտանեկան բռնության դեպքերը։ Գրանցվել է հանցագործության 968 դեպք, բացահայտվել՝ 605-ը կամ 62,5 տոկոսը։ Նվազել են սեփականության, պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունները, աճել՝ ընտանեկան բռնության դեպքերը։
Մալաթիայի բաժնում արձանագրվել է հանցագործության 501 դեպք՝ 21,9 տոկոսով ավելի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Աճել են սեփականության, նվազել՝ մարդու դեմ ուղղված հանցագործությունները։ Բացահայտման ցուցանիշը կազմել է 80,4 տոկոս՝ նախորդ տարվա 70,3-ի դիմաց։
Նոր Նորքի բաժնում գրանցվել է հանցագործության 610 դեպք, բացահայտվել՝ 493-ը կամ 80,8 տոկոսը։ Նվազել են տնտեսական գործունեության և սեփականության դեմ ուղղված հանցագործությունները, աճել՝ ընտանեկան բռնության դեպքերը։Համայնքային ոստիկանության Ավանի բաժնում արձանագրվել է հանցագործության 263 դեպք, բացահայտվել՝ 78,3 տոկոսը։
Մարդու դեմ ուղղված հանցագործությունները նվազել են 49, սեփականության դեմ ուղղվածները՝ 37, պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղվածները՝ 74,2 տոկոսով։
Մաշտոցի բաժնում արձանագրված հանցագործության 467 դեպքից բացահայտվել է 326-ը՝ 69,8 տոկոսը։ Աճել են սեփականության, նվազել՝ մարդու դեմ ուղղված հանցագործությունները։ Ընտանեկան բռնության դեպքերը նույնպես աճել են։
Դավթաշենի բաժնում արձանագրված հանցագործությունները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 48,8 տոկոսով։ 302 դեպքից բացահայտվել է 227-ը կամ 75,2 տոկոսը։ Ընտանեկան բռնության դեպքերը նվազել են։
Քանաքեռ-Զեյթունի բաժնում 80,9 տոկոսով նվազել են պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունները։ Արձանագրվել է 446 դեպք, բացահայտվել՝ 296-ը։ Աճել են մարդու դեմ ուղղված հանցագործությունները։ Անչափահասների կողմից կատարված հանցագործություն չի արձանագրվել։
Համայնքային ոստիկանության Մետրոպոլիտենի բաժնում արձանագրվել է հանցագործության 22 դեպք՝ 29 տոկոսով պակաս նախորդ տարվա համեմատ։ Նվազել են սեփականության դեմ ուղղված հանցագործությունները։Զվարթնոց օդանավակայանի բաժնում մարդու դեմ ուղղված հանցագործության դեպք չի արձանագրվել։ 92 դեպքից բացահայտվել է 78-ը կամ 84,8 տոկոսը։ Աճել են սեփականության, նվազել՝ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունները։
Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ծառայողները 1336 հանցագործության դեպք են բացահայտել՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 55-ով ավելի։ Տարբեր վարչական իրավախախտումներով կազմվել է 129 174 արձանագրություն։ Մայրաքաղաքում թեև աճել են ճանապարհատրանսպորտային պատահարները, սակայն դրանց հետևանք զոհերի և վիրավորների թիվը նվազել է։
Ոստիկանության գվարդիայի Երևանի ստորաբաժանումներն առաջին կիսամյակի ընթացքում օբեկտների պահպանության, հասարակական կարգի պահպանմանն ու հասարակական անվտանգության ապահովմանը զուգահեռ նաև բացահայտել են մի շարք հանցագործություններ։
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել կատարված աշխատանքի համար, ընդգծել, որ չնայած մի շարք հանցատեսակներով արձանագրված դրական միտումներին՝ առանձին ուղղություններով աշխատանքի արդյունքները գոհացուցիչ չեն։
Նախարարը խիստ հանձնարարական է տվել ակտիվացնել թշնամական հարաբերությունների մեջ գտնվող անձանց հետ տարվող աշխատանքները՝ հետագա հանցավոր դրսևորումները բացառելու նպատակով։
Ընդգծելով, որ մայրաքաղաքում ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների թիվը նվազել է՝ նախարար Սարգսյանը, այդուհանդերձ, մտահոգիչ է համարել հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները։ Նախարարը հանձնարարել է բացահայտման աշխատանքներին զուգահեռ վերլուծել դրանց առաջացման պատճառները և կանխարգելման ուղղությամբ իրականացնել թիրախային ու հետևողական աշխատանք։
Արփինե Սարգսյանն ընդգծել է ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման և առգրավման ուղղությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումների ակտիվացման, նպատակային աշխատանքների և խուզարկությունների անհրաժեշտությունը։
ՆԳ նախարարն ընդգծել է, որ անհրաժեշտ է ակտիվացնել քրեական ենթամշակույթի դեմ պայքարը և հնարավոր հետևանքների կանխման նպատակով սերտացնել ստորաբաժանումների միջև համագործակցությունը։
Անդրադառնալով սեփականության դեմ ուղղված հանցագործություններին՝ նախարարը կարևորվել է բնակարանային գողությունների նվազման միտումը և ընդգծվել, որ անհրաժեշտ է ապահովել կանխարգելիչ աշխատանքի շարունակականությունը։ Միաժամանակ շեշտվել է, որ անհրաժեշտ է առանձնակի ուշադրություն դարձնել տրանսպորտային միջոցներից կատարվող գողություններին։
Հանձնարարականներ են տրվել նաև ակտիվացնել խարդախությունների, տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ կատարվող և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, անձի դեմ ուղղված առանձին հանցատեսակների կանխման և բացահայտման աշխատանքները։
Առանձնակի ուշադրություն է հրավիրվել նաև ստորաբաժանումներում բարոյահոգեբանական վիճակին, ծառայողական կարգապահությանը և քաղաքացիների հետ պատշաճ հաղորդակցությանը, ղեկավարներին հանձնարարվել է նշված ուղղությունները պահել մշտական հսկողության ներքո։
Դրական է գնահատվել 2026 թվականի առաջին կիսամյակում Երևանում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի և վիրավորների թվի նվազումը․ դրական դինամիկայի պահպանման ուղղությամբ տրվել են հանձնարարականներ են տրվել։
Նախարար Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ հանցագործությունների կանխման ու բացահայտման աշխատանքներում անհրաժեշտ է ապահովել Ոստիկանության գվարդիայի ակտիվ ներգրավվածությունը։


