Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) Երևանի և Սյունիքի մաքսային ու լոգիստիկ նոր կենտրոնների կառուցման ծրագրի շրջանակում նախատեսում է ապահովել դրանց համապատասխանությունը կանաչ շինարարության միջազգային չափանիշներին և ստանալ LEED (Leadership in Energy and Environmental Design) հավաստագրում։
Միջազգային խորհրդատու. ՊԵԿ-ը պայմանագիր է ստորագրել «CES Clean Energy Solutions GesmbH / iC consulenten LLC» համատեղ ձեռնարկության հետ, որը տեխնիկական աջակցություն կտրամադրի LEED համակարգի պահանջների ներդրման ամբողջ ընթացքում։
Նպատակային մակարդակը. Երկու կենտրոնների համար էլ նախատեսվում է ապահովել առնվազն LEED Silver կամ ավելի բարձր մակարդակի հավաստագրում։
Աշխատանքների ընդգրկումը. Խորհրդատուն կգնահատի նախագծերը էներգաարդյունավետության, վերականգնվող էներգիայի կիրառման, ջրային ռեսուրսների խնայողության, թափոնների կառավարման և ներքին օդի որակի ապահովման տեսանկյունից։
Ինչու է դա կարևոր Այս նախագծի իրականացմամբ Հայաստանում ձևավորվում են միջազգային չափանիշներին համապատասխանող, էներգաարդյունավետ և շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու պետական լոգիստիկ ենթակառուցվածքներ։ Միջազգային փորձագետներն արդեն աշխատանքային հանդիպումներ են անցկացրել ՊԵԿ-ում և նախատեսում են տեղում գնահատել Երևանի կենտրոնի կառուցման տարածքը։


