Տոմատի մածուկի արտադրության նպատակով լոլիկի մթերում իրականացնող տնտեսվարողներն աջակցություն կստանան

Ծրագիրը վերաբերում է հիմնականում 2 ընկերությունների, որոնք կկարողանան մթերել առավելագույն ծավալը՝ մինչև 14,000 տոննա լոլիկ։

Առաջարկվում է 2025 թվականի լոլիկի մթերումների գործընթացի կազմակերպման համար տոմատի մածուկի արտադրության նպատակով լոլիկի մթերումներ իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին տրամադրել աջակցություն: Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության՝ օգոստոսի 28-ի նիստին ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

Ըստ նախարարի՝ 2024-ին՝ ամբողջ տարվա ընթացքում, ընդհանուր առմամբ մթերվել է 15,200 տոննա լոլիկ, այնինչ 2025 թվականի օգոստոսի 28-ի դրությամբ՝ արդեն իսկ ավելի քան 8800 տոննա լոլիկ, որը շուրջ 5000 տոննայով գերազանցում է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշը:

Տոմատի մածուկի մթերման նպատակով լոլիկը մթերվում է այս պահին 40-45 դրամով, իսկ արտադրված տոմատի մածուկի 1 կգ-ի ինքնարժեքը շուրջ 450 դրամ է:

«Վերջին տարիներին արձանագրվել է տոմատի մածուկի միջազգային գների անկում, և տեղական արտադրության տոմատի մածուկը գնային առումով մրցունակության խնդիրներ ունի ոչ միայն միջազգային շուկաներում, այլև հայկական շուկայում»,- ասաց նախարարը:

Տոմատի մածուկի շուկայում ստեղծված իրավիճակում տեղական հումքով տոմատի մածուկ արտադրող տնտեսվարողները շահագրգռված չեն լոլիկի մթերումների իրականացմամբ, և ընթացիկ տարում, ըստ էկոնոմիկայի նախարարության գնահատականների, կա շուրջ 7000 տոննա լոլիկի մթերման խնդիր:

«Նախագծով առաջարկվում է 2025 թվականի լոլիկի մթերումների գործընթացի կազմակերպման համար տոմատի մածուկի արտադրության նպատակով լոլիկի մթերումներ իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին տրամադրել աջակցություն՝ հետևյալ պայմանաներով. 2000 տոննա ներառյալ լոլիկի մթերումներ իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին սուբսիդիա չի տրամադրվում, 2000 տոննան գերազանցող մթերված լոլիկի յուրաքանչյուր 1 կգ-ի դիմաց տրամադրվում է 10 դրամի չափով աջակցություն:

Աջակցության տրամադրման համար նախապայման է սահմանվում, որ մթերվող լոլիկի նվազագույն գինը չի կարող լինել 40 դրամից ցածր, և որ լոլիկի ամբողջ ծավալը պետք է մթերվի»,- պարզաբանեց նախարարը:

Ըստ Պապոյանի՝ նախագծի ընդունմամբ տեղական արտադրության տեղական մածուկի ինքնարժեքը կմոտենա ներմուծվողի մաքսային արժեքին, արդյունքում լրացուցիչ կմթերվի 7000 տոննա, և կլուծվեն այս տարվա լոլիկի մթերումների կազմակերպման գործընթացում առկա բոլոր խնդիրները:

Նախարարը նաև տեղեկացրեց, որ կա 5 գործարան, որից 1-ը ավելի քիչ է մթերում, մյուս 2-ը՝ մինչև 200 տոննա, ուստի վերջիններս չեն օգտվի այս ծրագրից: Կօգտվի միայն 2 ընկերություն: Մեկը պլանավորում էր 9000 տոննա լոլիկ մթերել, այս պարագայում կմթերի 14,000-ից ավելի, մյուսը 2500-3000 էր պլանավորում, այս պարագայում կմթերի 4500-5000 տոննա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ նախագծի անհրաժեշտությունն առաջացել է լոլիկի առատ բերքի պատճառով: