Ինչ է տեղի ունեցել․ Politico-ի փոխանցմամբ՝ ԵՄ երկրները 2028-2034 թվականների երկարաժամկետ բյուջեի քննարկումների շրջանակում դիտարկում են եվրոպական կառույցների աշխատակիցների թվաքանակի, պաշտոնյաների աշխատավարձերի և վարչական ծախսերի կտրուկ կրճատման հնարավորությունը: Այս մասին նշված է ԵՄ խորհրդում բանակցությունները ղեկավարող Իռլանդիայի պատրաստած փաստաթղթում։
Ինչու է դա կարևոր․ Անդամ երկրները դեմ են ազգային վճարումների ավելացմանն ու համաեվրոպական նոր հարկերի ներդրմանը՝ պահանջելով խնայողություններ անել հենց ԵՄ ապարատի հաշվին, քանի որ իրենք ևս ստիպված են կրճատել պետական ծառայողների թվաքանակն իրենց երկրներում։
Երկու ճամբարների տարաձայնությունները․
Գերմանիայի գլխավորած խումբը․ Պահանջում է մի քանի հարյուր միլիարդ եվրոյով կրճատել Եվրահանձնաժողովի առաջարկած 2 տրիլիոն եվրոյի ընդհանուր բյուջեն։
Իտալիան և Լեհաստանը․ Պահանջում են ավելացնել ծախսերը գյուղատնտեսության և պակաս զարգացած տարածաշրջանների աջակցության համար։
Թվերի հետևում․
€118 մլրդ (6%)․ Եվրահանձնաժողովի առաջարկած վարչական ծախսերի ծավալը 2028-2034թթ․ համար։
2500 լրացուցիչ պաշտոնյա․ ԵՀ-ի առաջարկած հաստիքների ավելացումը, որը դժգոհություն է առաջացրել անդամ երկրների մեկ երրորդի մոտ։
Հաջորդ քայլը․ Սեպտեմբերի 16-ին ԵՄ Մշտական ներկայացուցիչների կոմիտեի (Coreper) նիստում Իռլանդիան 27 երկրների դեսպաններից կպահանջի հստակեցնել, թե բյուջեի որ հոդվածներն են ենթակա կրճատման։


