Եվրոպական միությունում (ԵՄ) էներգետիկայի ապագայի շուրջ կարող է նոր տարաձայնություն առաջանալ, քանի որ Եվրոպական հանձնաժողովը նախատեսում է վերականգնվող էներգետիկայի զարգացման վերաբերյալ առանձին օրենք առաջարկել և դրա համար առանձին թիրախներ սահմանել 2040 թվականի համար։ Այս մասին, հղում անելով փաստաթղթի նախագծին, հայտնում է Euractiv պորտալը։
«Եվրոպական հանձնաժողովը ձգտում է ներկայացնել վերականգնվող էներգիայի աղբյուրների վերաբերյալ հատուկ օրենք և 2040 թվականի թիրախային ցուցանիշներ [...], ինչը, ամենայն հավանականությամբ, հակասություններ կառաջացնի ԵՄ ատոմային էներգետիկային աջակցող երկրների հետ», — նշված է հրապարակման մեջ։
Պարբերականի տվյալներով՝ նման մոտեցումը կարող է հարուցել 14 երկիր միավորող «միջուկային կոալիցիայի» դժգոհությունը։ Այս պետությունները պահանջում են, որ ԵՄ կլիմայական և էներգետիկ քաղաքականության մեջ ատոմային և վերականգնվող էներգետիկային ցուցաբերվի հավասար մոտեցում։
Փաստաթղթում ընդգծվում է 2030 թվականից հետո վերականգնվող էներգետիկայի օրենսդրական բազան թարմացնելու անհրաժեշտությունը։ Եվրահանձնաժողովը դիտարկում է նաև էլեկտրաէներգիայի սպառման ավելացման, ինչպես նաև ջեռուցման ու հովացման ոլորտներում վերականգնվող աղբյուրների կիրառման ընդլայնման միջոցառումներ։
Այս ամենի ֆոնին եվրոպական էներգետիկ շուկան արդեն իսկ լարված վիճակում է։ Լոնդոնի ICE բորսայի տվյալներով՝ օգոստոսի արդյունքներով Եվրոպայում գազի միջին գինը հասել է 744 դոլարի՝ 1000 խորանարդ մետրի դիմաց, ինչը ամենաբարձր ցուցանիշն է 2022 թվականի վերջից ի վեր։ Գնանշումները 17%-ով գերազանցել են հուլիսյան ցուցանիշը և գրեթե կրկնակի ավելի են եղել, քան նախորդ տարվա օգոստոսին։ Գների աճը կապում են ձմռանն ընդառաջ եվրոպական պահեստարաններում գազի պաշարների ցածր մակարդակի և Մերձավոր Արևելքում շարունակվող հակամարտության հետ։ Օգոստոսի վերջի դրությամբ Եվրոպայի գազապահեստարանները լցված էին ընդամենը 65.4%-ով, ինչը 2011 թվականից ի վեր դիտարկումների ողջ պատմության ընթացքում ամենացածր ցուցանիշն է տվյալ ամսաթվի համար։


