Ընդհանուր իրավասության եվրոպական դատարանը սեպտեմբերի 9-ին մերժել է Հունգարիայի հայցն ընդդեմ սառեցված ռուսական ակտիվներից ստացված եկամուտներն Ուկրաինային ռազմական օգնության համար օգտագործելու Եվրոպական Միության որոշման։ Համապատասխան վճիռը հրապարակվել է դատարանի պաշտոնական կայքում։
Դատարանի փաստարկմամբ՝ հայցի մերժման հիմքն այն է, որ տվյալ գործը չի մտնում իր իրավասության տիրույթում։ Կայացված որոշումը ենթակա է բողոքարկման երկու ամիս և տասն օրվա ընթացքում։
Հիշեցնենք, որ 2024 թվականի մայիսին ԵՄ խորհուրդը հավանություն էր տվել ՌԴ սառեցված ակտիվներից ստացված եկամուտներն Ուկրաինային աջակցելու համար օգտագործելու պլանին։ Այդ քվեարկությունից Հունգարիան ձեռնպահ էր մնացել։ Երբ նույն տարվա հունիսին Խաղաղության եվրոպական հիմնադրամի կոմիտեն քվեարկեց առաջին տրանշը հատկացնելու օգտին, Բուդապեշտին թույլ չտվեցին մասնակցել քվեարկությանը։ Սրանից հետո Հունգարիան դիմեց ԵՄ դատարան՝ պահանջելով չեղարկել որոշումը՝ վկայակոչելով քվեարկության ընթացակարգի խախտումը։


