Եվրոպական հանձնաժողովը Վաշինգտոնից պահանջել է «լիակատար հստակություն»՝ կապված այն քայլերի հետ, որոնք ԱՄՆ-ը մտադիր է ձեռնարկել մաքսատուրքերի վերաբերյալ ԱՄՆ Գերագույն դատարանի որոշումից հետո։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Գերագույն դատարանի կողմից ԱՄՆ նախագահի սահմանած մաքսատուրքերը անօրինական ճանաչելուց հետո Դոնալդ Թրամփը փետրվարի 20-ին հայտարարել էր համաշխարհային ապրանքների նկատմամբ նոր՝ 10% մաքսատուրք սահմանելու մասին՝ հաջորդ օրը դրանք բարձրացնելով մինչև 15%։
Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ նշվում է, որ ստեղծված իրավիճակը չի նպաստում «արդար, հավասարակշռված և փոխշահավետ» տրանսատլանտյան առևտրի և ներդրումների ապահովմանը։
2025 թվականի առևտրային համաձայնագրով ԱՄՆ մաքսատուրքի դրույքաչափը սահմանվել էր 15%՝ ԵՄ ապրանքների մեծ մասի համար՝ բացառությամբ այն ապրանքների, որոնց նկատմամբ կիրառվում են ոլորտային մաքսատուրքեր, օրինակ՝ պողպատը։ Փաստաթուղթը նախատեսում էր նաև զրոյական մաքսատուրք որոշ ապրանքների համար, այդ թվում՝ ինքնաթիռների և դրանց պահեստամասերի։
ԵՄ-ն համաձայնել էր վերացնել ԱՄՆ բազմաթիվ ապրանքների ներմուծման մաքսատուրքերը և հրաժարվել փոխադարձ բարձր մաքսատուրքեր սահմանելու սպառնալիքներից։
«ԵՄ ապրանքները պետք է շարունակեն օգտվել առավել մրցակցային ռեժիմից՝ առանց նախկինում համաձայնեցված շեմը գերազանցող մաքսատուրքերի բարձրացման», — նշվում է հայտարարության մեջ։
Եվրահանձնաժողովը նաև ընդգծել է, որ անկանխատեսելի մաքսատուրքերը խաթարում են վստահությունը համաշխարհային շուկաներում։
Հաղորդվում է, որ ԵՄ առևտրի հանձնակատար Մարոշ Շեֆչովիչը փետրվարի 21-ին քննարկել է հարցը ԱՄՆ առևտրի ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրի և առևտրի նախարար Հովարդ Լուտնիկի հետ։

