ԵՄ-ն փորձում է ապաշրջափակել Ուկրաինային 90 մլրդ եվրոյի օգնությունը

Ֆինանսավորման հաստատման համար անհրաժեշտ է ԵՄ բոլոր 27 երկրների համաձայնությունը։

Եվրամիությունում նախագահող Կիպրոսը մտադիր է արագացնել Ուկրաինային նախատեսված 90 միլիարդ եվրոյի ռազմական ֆինանսավորման ապաշրջափակման գործընթացը։

Bloomberg-ի փոխանցմամբ՝ գործընթացի ակտիվացումը պայմանավորված է Հունգարիայում ընդդիմադիր «Տիսա» կուսակցության հաղթանակով։

Հիշեցնենք, որ Բուդապեշտը փետրվարին վետո էր դրել ինչպես այս ֆինանսավորման, այնպես էլ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթի ընդունման վրա։

Ֆինանսական փաթեթը, որը հաստատվել էր դեռևս անցյալ տարվա դեկտեմբերին, նախատեսում է 30 միլիարդ եվրո՝ Ուկրաինայի բյուջետային աջակցության համար և 60 միլիարդ եվրո՝ եվրոպական սպառազինության ձեռքբերման նպատակով 2026–2027 թվականներին։

Հունգարիայի նախկին վարչապետ Վիկտոր Օրբանը վետոն հիմնավորել էր ռուսական նավթի մատակարարումների վերականգնման պահանջով։

Սակայն ընդդիմության հաղթանակից հետո Բրյուսելում ակնկալում են, որ վետոն կարող է չեղարկվել։

Նշվում է, որ ֆինանսավորման հաստատման համար անհրաժեշտ է ԵՄ բոլոր 27 երկրների համաձայնությունը։