ABNews

ԵՄ-ն հավանություն է տվել Գերմանիայի՝ մինչև 35 մլրդ եվրոյի էներգետիկ ծրագրին. սպասվում է էլեկտրաէներգիայի թանկացում

Միջազգային անցուդարձ | 2026/09/03 16:57

ԵՄ-ն հավանություն է տվել Գերմանիայի՝ մինչև 35 մլրդ եվրոյի էներգետիկ ծրագրին. սպասվում է էլեկտրաէներգիայի թանկացում

Եվրահանձնաժողովը հավանություն է տվել Գերմանիայի կառավարության ծրագրին, որը նախատեսում է 15.6-ից մինչև 35.2 միլիարդ եվրո պետական աջակցություն հատկացնել երկրի գազային էներգետիկ ենթակառուցվածքների արդիականացման և զարգացման համար։ Նախագծի շրջանակում նախատեսվում է կառուցել բնական գազով և ջրածնով աշխատող նոր էլեկտրակայաններ։

Ֆինանսավորման այս մեխանիզմն ուղղված է էլեկտրաէներգիայի արտադրության, պահեստավորման և ճկուն սպառման հզորությունների ապահովմանը՝ երկրում ակնկալվող պահանջարկը շարունակաբար բավարարելու նպատակով։

Ջրածնային անցում և աճուրդներ

Գերմանիայի իշխանությունները ծրագրում են անցկացնել հատուկ աճուրդներ, որոնց արդյունքում կկառուցվեն ընդհանուր 11 ԳՎտ հզորությամբ նոր գազային էլեկտրակայաններ։ Սկզբնական շրջանում դրանք կաշխատեն բնական գազով, սակայն ի սկզբանե նախագծվելու են այնպես, որ հետագայում ամբողջությամբ անցնեն ջրածնի օգտագործմանը՝ ապահովելով աստիճանական հրաժարումը ածխաջրածնային վառելիքից։

Ազդեցությունը սպառողների վրա

Ենթակառուցվածքների արդիականացման ծախսերը հոգալու են էլեկտրաէներգիայի սպառողները․ սովորական սակագնից բացի կներդրվի հատուկ լրացուցիչ վճար։ DPA գործակալության գնահատմամբ՝ սա կհանգեցնի էլեկտրաէներգիայի թանկացման, թեև դեռևս հստակեցված չէ, թե որքանով կավելանան տնային տնտեսությունների վերջնական ծախսերը։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը