Եվրոպական միությունը պաշտոնական հայտարարությամբ շնորհավորել է Հայաստանի քաղաքացիներին խորհրդարանական ընտրություններում քվեարկելու կապակցությամբ և բոլոր քաղաքական դերակատարներին կոչ արել հարգել ընտրությունների արդյունքները: Բրյուսելն ի գիտություն է ընդունել ԿԸՀ նախնական տվյալները, որոնք մատնանշում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հստակ առաջատարությունը:
Ռուսական հիբրիդային հարձակումներ և տնտեսական հարկադրանք
ԵՄ հայտարարության մեջ տեղ է գտել Ռուսաստանի Դաշնության գործողությունների աննախադեպ խիստ քննադատություն: Նշվում է, որ նախընտրական քարոզարշավը և քվեարկությունը տեղի են ունեցել Մոսկվայի կողմից գործադրված լուրջ ճնշումների ներքո.
«Նախընտրական քարոզարշավը և քվեարկությունը տեղի են ունեցել Ռուսաստանի կողմից աննախադեպ միջամտության, ճնշումների և շարունակական հիբրիդային հարձակումների համատեքստում, այդ թվում՝ տնտեսական հարկադրանքի միջոցներով, որոնք նպատակ են ունեցել խարխլել ժողովրդավարական գործընթացը և հրահրել բևեռացում»,- ասված է փաստաթղթում:
Բրյուսելն ընդգծել է, որ չնայած արտաքին այս ճնշումներին և ներքին բևեռացվածությանը, ընտրություններն արտացոլել են հայ ժողովրդի դիմակայունությունն ու հավատարմությունը եվրոպական արժեքներին: Ըստ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի գնահատականների՝ ընտրությունները եղել են ներառական, առաջարկել են հստակ այլընտրանքներ և լավ կազմակերպված են եղել:
Ուղերձ քաղաքական ուժերին և հետագա քայլերը
Եվրամիությունը կոչ է անում ընտրությունների արդյունքների հետ անհամաձայնություն ունեցող ուժերին զերծ մնալ կտրուկ քայլերից և ցանկացած ընտրական բողոք հասցեագրել բացառապես իրավական մեխանիզմների միջոցով: Հայտարարության մեջ վերահաստատվում է ԵՄ պատրաստակամությունը՝ խորացնելու գործընկերությունը Հայաստանի ապագա կառավարության հետ՝ նպատակ ունենալով ամրապնդել երկրի ինքնիշխանությունն ու տնտեսական դիմակայունությունը:

