ԵՄ-ը կտրուկ ավելացրել է ռուսական հեղուկացված գազի ներկրումները

ԵՄ-ը կտրուկ ավելացրել է ռուսական հեղուկացված գազի ներկրումները

Չնայած Ռուսաստանից էներգակիրների ներկրումը սահմանափակելու քաղաքականությանը, Եվրամիության երկրները տարվա առաջին եռամսյակում զգալիորեն ավելացրել են ռուսական«Ямал СПГ» նախագծից ստացվող հեղուկացված բնական գազի գնումները։

Financial Times-ի փոխանցմամբ՝ ներկրման ծավալներն աճել են 17%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հասնելով 5 միլիոն տոննայի։ Urgewald-ի գնահատականներով՝ եվրոպական պետություններն այս գազի ձեռքբերման համար ծախսել են շուրջ 2,88 միլիարդ եվրո։

Մատակարարումների այսօրինակ աճի հիմնական պատճառը Մերձավոր Արևելքում տիրող անկայունությունն է։ Տարածաշրջանում ենթակառուցվածքների վնասումը և Հորմուզի նեղուցի նկատմամբ Իրանի վերահսկողությունը հանգեցրել են մերձավորարևելյան գազի մատակարարումների կտրուկ նվազմանը, ինչն էլ ստիպել է եվրոպական երկրներին լրացնել պակասորդը ռուսական աղբյուրների հաշվին։ 

Հատկանշական է, որ հունվար-մարտ ամիսներին «Ямал СПГ» նախագծի ընդհանուր առաքումների 97%-ն ուղղվել է հենց Եվրոպա. ԵՄ-ն ընդունել է նախագծի 71 խմբաքանակներից 69-ը։

Չնայած ընթացիկ ցուցանիշներին, Բրյուսելը մտադիր չէ վերանայել ռուսական հեղուկացված գազից հրաժարվելու իր ռազմավարական ծրագիրը։ Եվրամիությունը պահպանում է մինչև 2027 թվականը ռուսական LPG-ն ամբողջությամբ արգելելու նպատակը, իսկ կարճաժամկետ պայմանագրերի նկատմամբ սահմանափակումներն արդեն իսկ գործում են։