ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Սննդամթերքի անվտանգության մասին» և «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքներում փոփոխություններ նախատեսող նախագծերի փաթեթին: Փոփոխությունների նպատակը Եվրոպական միության (ԵՄ) կանոնակարգերի պահանջների տեղայնացումն է ազգային օրենսդրության մեջ, ինչը կապահովի հայկական ձկնամթերքի արտահանման իրավական հիմքերը:
Հայաստանի Հանրապետությունը 2025 թվականի ապրիլից պաշտոնապես ունի ջրային կուլտուրաների, մասնավորապես՝ թեփուկավոր ձկների և դրանց արտադրանքի արտահանման թույլտվություն դեպի ԵՄ երկրներ։
Գրանցման ընթացակարգը և լիազոր մարմինը Ըստ ներկայացված նախագծի՝ ԵՄ Առևտրի վերահսկման և փորձագիտական (TRACES) համակարգում տնտեսավարողների գրանցման լիազոր մարմին է սահմանվում Սննդի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ):
Համակարգում ներառվելու համար սահմանվել է հետևյալ ընթացակարգը.
Տնտեսավարող սուբյեկտը դիմում է ներկայացնում ՍԱՏՄ,
Տեսչական մարմինն իրականացնում է ստուգում՝ ԵՄ կանոնակարգերով հաստատված պահանջներին համապատասխանությունը պարզելու նպատակով,
Համապատասխանության դեպքում ՍԱՏՄ-ն տվյալները գրանցում է TRACES համակարգում և ներկայացնում Եվրոպական հանձնաժողովի հաստատմանը:
Իրավական հիմնավորում և հաջորդականություն ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանի պարզաբանմամբ՝ ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն (որոշակիության սկզբունք), Եվրոպական հանձնաժողովի պահանջները ներպետական օրենսդրության բաղկացուցիչ մաս դարձնելու համար անհրաժեշտ էր սահմանել համապատասխան լիազորող նորմեր:
Օրենքների ընդունումից հետո ՀՀ կառավարության հաստատմանը կներկայացվի որոշումների նախագծերի փաթեթ, որով կավարտվի ԵՄ չափանիշների տեղայնացումը: Սա հանդիսանում է միջազգային պարտավորությունների կատարման և դեպի ԵՄ ձկնամթերքի անխափան արտահանման իրավական երաշխիքը:

