Հարցը կառավարության նիստում ներկայացրեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ով նշեց, որ այս պահին ԱԱՀ–ից ազատման գործող արտոնությունը կերկարաձգվի 2024 թվականից հետո արտադրված էլեկտրական շարժիչով մեծ, միջին և փոքր ավտոբուսների, մարդատար մեքենաների, մոտոցիկլետների, մոպեդների համար։
«Գործող արտոնությունը նախատեսում է, որ մեծ, միջին և փոքր ավտոբուսները, մարդատար մեքենաները, մոտոցիկլետները և մոպեդները, որոնք ունեն էլեկտրական շարժիչ, ազատված են ԱԱՀ-ից մինչև 2026 թվականի հունվարի 1-ը։ Հաշվի առնելով դրական արդյունքները՝ առաջարկվում է ժամկետը երկարաձգել ևս մեկ տարով՝ մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը»,-ասաց նախարարը՝ հիշեցնելով, որ այս արտոնությունը գործում է 2019 թվականից։
«Հիշեցնեմ, որ 3–րդ երկրներից ներմուծման համար գործում է նաև մաքսատուրքից ազատման արտոնությունը»,– հայտարարեց նախարարը։
Նա նշեց, որ համաձայն ԵԱՏՄ կանոնակարգերի` 2022 թվականին Հայաստանը տարեկան ունեցել է էլեկտրամոբիլների ներմուծման 7000 միավոր, 2023, 2024, 2025 թթ. համար` 8000 միավոր էլեկտրական շարժիչով մեքենաների քվոտա, որոնց դեպքում մաքսատուրք չի գանձվում։
Պապոյանի խոսքով` ԱԱՀ–ի և մաքսատուրքերի արտոնությունների շնորհիվ աճել են դեպի Հայաստան ներմուծման ծավալները։
Պապոյանի տվյալներով` 2023 թ. էլեկտրամոբիլների ներմուծման ծավալները կազմել են 9 635 միավոր, ինչը 2022 թ. համեմատ աճել է 75 տոկոսով, 2024 թ. ներմուծման ծավալը կազմել է 11 793, ինչը 2023 թ. համեմատ աճել է 22 տոկոսով, 2025 թ. տարեսկզբից մինչև հոկտեմբերի 17–ը ներմուծվել է 14 888 միավոր տրանսպորտային միավոր, որը 3000 մեքենայով ավելի է նախորդ ամբողջ տարվա համեմատ։

