Ապրիլի 1-ից Հայաստանում ուժի մեջ է մտել էլեկտրամոբիլների գույքահարկի հաշվարկման նոր մեթոդաբանություն։ Տվյալները ներկայացրել են ՆԳՆ-ից։
Նոր մոտեցմամբ՝ հաշվարկի հիմքում այլևս չի օգտագործվում շարժիչի պիկային հզորությունը, որը չէր արտացոլում մեքենայի իրական շահագործման պայմանները։
Եթե էլեկտրամոբիլն ունի էլեկտրոնային անձնագիր, գույքահարկը հաշվարկվում է այնտեղ նշված տվյալների հիման վրա։ Այդպիսի փաստաթղթի բացակայության դեպքում կիրառվում է հաշվարկման նոր բանաձև։
Մինչև 250 ձիաուժ հզորության դեպքում ցուցանիշը բաժանվում է 1.5-ի։
251 ձիաուժ և բարձր հզորության դեպքում կիրառվում է երկփուլ հաշվարկ․ առաջին 250 ձիաուժը բաժանվում է 1.5-ի, իսկ մնացած մասը՝ 2.5-ի, ապա արդյունքները գումարվում են։
ՆԳՆ-ի տվյալներով՝ roadpolice.am հարթակում արդեն հասանելի են տրանսպորտային միջոցների հաշվառման վկայագրերը՝ նոր հաշվարկով նվազեցված հզորությամբ։
Փոփոխությունը հանգեցնում է գույքահարկի նվազման՝ հաշվի առնելով էլեկտրամոբիլների իրական շահագործման ցուցանիշները։

