Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հայտարարել է, որ առաջիկա ընտրություններում քաղաքական ուժերի ֆինանսական հոսքերի վերահսկողությունը կուժեղացվի։
Նրա խոսքով՝ 2024 թվականին Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխություններից հետո փոխվել է նախընտրական ֆինանսավորման տրամաբանությունը։
Այսուհետ նախընտրական հիմնադրամ վճարումներ կարող են կատարել միայն կուսակցությունները, իսկ միջոցները պետք է նախապես առկա լինեն նրանց հաշվեհամարներում։
Կուսակցությունները կարող են նվիրատվություններ ստանալ քաղաքացիներից՝ տարեկան մինչև 10 մլն դրամ սահմանաչափով։
Հովակիմյանը ընդգծել է, որ այս մեխանիզմը ապահովում է ֆինանսական հոսքերի առավել թափանցիկ և վերահսկելի շրջանառություն։
ԿԸՀ-ն հետևելու է, որպեսզի քարոզարշավի ընթացքում կատարվող բոլոր ծախսերը լիարժեք արտացոլվեն հայտարարագրերում՝ ներառյալ շտաբների վարձակալությունը և գովազդային վճարումները։
Վերահսկողության համար կիրականացվի նաև տարածքային ռեսուրսների ներգրավում՝ 38 ընտրատարածքներում։
Բացի այդ, արտաքին գովազդի տեղադրումը ևս ենթակա է խիստ կարգավորման․ 5 քմ-ից մեծ վահանակները կարող են տեղադրվել միայն ԿԸՀ-ի բաշխմամբ։
Միաժամանակ նշվում է, որ ընտրություններից դուրս քաղաքական ուժերի ֆինանսական վերահսկողությունը ԿԸՀ լիազորությունների մեջ չի մտնում և գտնվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տիրույթում։

