Հունվարի 13-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում, նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ, տեղի է ունեցել հանդիպում-քննարկում՝ ավելի քան երեք տասնյակ գործարարների և ներդրողների հետ։
Էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը։
Նախարար Գևորգ Պապոյանը նշել է, որ ՀՀ Կառավարությունը հետևողականորեն առաջ է տանում սահմանների ապաշրջափակման օրակարգը և ակնկալում է, որ Թուրքիայի հետ սահմանների բացման դեպքում կձևավորվեն նոր տնտեսական և լոգիստիկ հնարավորություններ։
Նրա խոսքով՝ առանձնահատուկ կարևորություն է տրվում սահմանամերձ հատվածներում լոգիստիկ ենթակառուցվածքների ձևավորմանը։
Նախարարն ընդգծել է, որ պետության համար առաջնահերթ են՝
-
մաքսային պահեստների,
-
մաքսային տերմինալների,
-
լոգիստիկ կենտրոնների ստեղծման ծրագրերը։
Այս ենթակառուցվածքները, ըստ նրա, կարող են ապահովել առևտրի և տարանցման արդյունավետ կազմակերպում սահմանների բացման պարագայում։
Գևորգ Պապոյանը նաև անդրադարձել է պետական աջակցության գործիքակազմին, որոնցից ընկերությունները կարող են օգտվել՝
-
լոգիստիկ ծրագրերի իրականացման,
-
ներդրումային նախաձեռնությունների զարգացման նպատակով։
Հանդիպման ընթացքում նախարարը պատասխանել է մասնակիցների հարցերին, ներկայացրել պարզաբանումներ և անդրադարձել գործարարներին հուզող մի շարք թեմաների։

