Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի նախագահները համատեղ հայտարարություն են տարածել՝ կապված Եվրամիությանն անդամակցելու Հայաստանի մտադրության և դրա պատճառով Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մասին պայմանագրի հնարավոր կասեցման հետևանքների հետ։
Չորս երկրների ղեկավարների հայտարարության մեջ նշվում է, որ որոշում է ընդունվել հանձնարարել Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներին՝ 2026 թվականի դեկտեմբերին կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին զեկուցել Հայաստանի նկատմամբ ԵԱՏՄ պայմանագրի գործողության կասեցման հնարավոր հետևանքների մասին։
Իրավական և քաղաքական հիմքերը
Փաստաթղթում որպես հայտարարության հիմք հիշատակվում են Հայաստանի կողմից վերջին շրջանում ձեռնարկված իրավական և դիվանագիտական քայլերը.
«Հաշվի առնելով Եվրոպական միությանն անդամակցությանն ուղղված Հայաստանի Հանրապետության գործողությունները, այդ թվում՝ 2025 թվականին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից հավանություն տալը և Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության գործընթացն սկսելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ստորագրումը, ինչպես նաև Եվրոպական միության կողմից 2026 թվականի մայիսի 5-ին ընդունված Հայաստան-Եվրոպական միություն առաջին գագաթնաժողովի արդյունքներով ընդունված Համատեղ հռչակագրում արտահայտված Հայաստանի Հանրապետության կառավարության եվրոպական ձգտումների վերահաստատումը»,- նշված է տեքստում։
Տնտեսական ռիսկեր և հանրաքվեի առաջարկ
Ըստ հայտարարության հեղինակների՝ Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու նախապատրաստական քայլերը «էական ռիսկեր» են առաջացնում ԵԱՏՄ անդամ պետությունների տնտեսական անվտանգության համար։ Կողմերը շեշտում են Միության անդամ երկրներին հնարավոր վնասները կանխելու անհրաժեշտությունը։
Բացի այդ, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի նախագահները հանդես են եկել Հայաստանում համազգային հանրաքվե անցկացնելու դիրքորոշմամբ։ Նրանց պնդմամբ՝ անհրաժեշտ է հնարավոր սեղմ ժամկետում քաղաքացիների ընտրությանը թողնել Եվրոպական միությանն անդամակցելու կամ Եվրասիական տնտեսական միության կազմում հետագա գտնվելու հարցը։

