Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) 2026 թ. սեպտեմբերի 1-ից գործարկվել է օտարերկրյա ապրանքների հետագծելիության մեխանիզմ։ Առաջին փուլում հետագծելիության ստուգումը կտարածվի կենցաղային սառնարանների և սառցարանների, լվացքի մեքենաների և հեռուստացույցների վրա։
«Միջկառավարական խորհրդի 2025 թ. սեպտեմբերի 30-ի թիվ 5 որոշմանը համապատասխան՝ 2026 թ. սեպտեմբերի 1-ից միությունում գործարկվում է օտարերկրյա ապրանքների հետագծելիության մեխանիզմ, որոնց մաքսային ձևակերպումը կատարվել է միության անդամ մեկ պետությունում, որոնք տեղափոխվում են այլ անդամ պետություններ (հետագծելիության մեխանիզմի ներդրումը նախատեսված է ԵԱՏՄ մաքսային տարածք ներմուծվող ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին 2019 թ. մայիսի 29-ի համաձայնագրով)», - ասվում է ԵԱՏՀ հաղորդագրության մեջ։
Ընդունվել են չափանիշներ այն իրավիճակների համար, երբ ապրանքների միջսահմանային տեղաշարժը թույլատրվում է առանց ազգային հետագծելիության համակարգերում տվյալների մուտքագրման: Հաստատվել է նաև ինտերնետի և կապի խափանումների դեպքում լիազորված գործակալությունների գործողությունների հաջորդականությունը, ինչն ապահովում է համակարգի կայունությունն արտակարգ իրավիճակներում: Բացի այդ, ԵԱՏՄ երկրների հարկային մարմինների համար սահմանվել է միջգերատեսչական փոխգործակցության կանոնակարգ՝ ապրանքներով գործառնությունների վերաբերյալ տեղեկությունների մասին հարցումների ուղարկման և կատարման ալգորիթմ, որը նախորդում է դրանց տեղափոխությանը միության երկրների ներքին սահմաններով:
Ավելի վաղ ԵԱՏՀ ղեկավար Բակիտժան Սագինտաևը հայտնել էր, որ առաջին փուլում հետագծելիության ստուգումը կտարածվի կենցաղային սառնարանների և սառցարանների, լվացքի մեքենաների և հեռուստացույցների վրա: Սագինտաևը պարզաբանել է, որ գործարարության համար դա լրացուցիչ պաշտպանություն է ոչ բարեխիղճ մրցակցությունից: Ընդ որում, գնորդն իր հերթին ստանում է հաստատում, որ ապրանքը միություն է ներմուծվել օրինականորեն:
«Նման հասկանալի և թափանցիկ պայմանների ստեղծումը հանձնաժողովի կողմից ԵԱՏՄ շրջանակներում գործարար միջավայրի բարելավման համակարգված աշխատանքի մի մասն է», - նշել է նա:


