Քննարկվել է ամերիկյան բրենդների մուտքը հայկական շուկա

Շեշտը դրվել է փոխշահավետ գործընկերության և տեղական շուկայի հնարավորությունների իրացման վրա:

ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Ֆրանչայզինգի միջազգային ասոցիացիայի (IFA) նախագահ Մեթ Հալլերի և կառույցի շահերի պաշտպանության պատասխանատու Մայք Լեյմանի հետ: Քննարկման առանցքում եղել են հայկական շուկայում ամերիկյան բրենդների ներկայացվածության ընդլայնման և նոր ներդրումային հնարավորությունների դիտարկման հարցերը:

Հանդիպման ընթացքում վերլուծվել են Հայաստան-ԱՄՆ տնտեսական գործակցության ներկա դինամիկան և ֆրանչայզինգի մոդելի կիրառմամբ առևտրային կապերի խորացման հեռանկարները: Կողմերը դիտարկել են այն իրավական և տնտեսական նախադրյալները, որոնք կարող են նպաստել միջազգային ճանաչում ունեցող ցանցերի մուտքին Հայաստան: Ըստ դեսպանության հաղորդագրության՝ շեշտը դրվել է փոխշահավետ գործընկերության և տեղական շուկայի հնարավորությունների իրացման վրա: