ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունվարի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլա Նիկոլովին։ Տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Բուլղարիայի միջև տնտեսական հարաբերությունների զարգացման, ինչպես նաև երկկողմ առևտրաշրջանառության ավելացման հնարավորություններին վերաբերող հարցեր։
Գևորգ Պապոյանը նշել է, որ Հայաստանը շարունակում է խորացնել համագործակցությունը Եվրոպական միության հետ քաղաքական, տնտեսական և անվտանգային ոլորտներում և կարևորում է ԵՄ անդամ պետությունների հետ հարաբերությունների հետևողական զարգացումը։ Այս համատեքստում առանձնացվել է Բուլղարիայի փորձը եվրոպական ինտեգրման գործընթացում և երկկողմ տնտեսական համագործակցության ընդլայնման ներուժը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում։
Նախարարը ներկայացրել է ՀՀ տնտեսության ոլորտի մի շարք առաջնահերթություններ՝ ընդգծելով արտահանման դիվերսիֆիկացման անհրաժեշտությունը, տեղական արտադրանքի որակի բարձրացման և այն Եվրոպական միության չափանիշներին համապատասխանեցնելու կարևորությունը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև «Խաղաղության խաչմերուկ» և TRIPP նախաձեռնություններին՝ որպես տարածաշրջանային տնտեսական համագործակցությունը խթանող և երկարաժամկետ կայունությանն ուղղված ծրագրերի։

