ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը մարտի 30-ին ընդունել է Հայաստանում Կատարի Պետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մանսուր Աբդուլլա Ալ-Սուլայթինին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ներքին անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման ուղղությունները։ Նախարարը նշել է, որ համագործակցությունը կարող է ընդլայնվել՝ ներառելով նոր գործնական արդյունքներ։
Կատարի դեսպանը ընդգծել է Հայաստանի անվտանգության մակարդակը՝ նշելով, որ երկիրը դասվում է անվտանգ երկրների շարքին միջազգային տարբեր գնահատականներով։ Այս համատեքստում կողմերը կարևորել են անվտանգության ոլորտում համագործակցության խորացումը։
Քննարկումների օրակարգում եղել են զանգվածային միջոցառումների անվտանգության ապահովումը, աղետների ռիսկի կառավարման և դիմակայունության բարձրացման հարցերը, ինչպես նաև վարորդական իրավունքի վկայականների փոխադարձ ճանաչման հնարավորությունները։
Անդրադարձ է կատարվել նաև մասնագիտական վերապատրաստման ուղղությանը։ Քննարկվել է Հայաստանի ոստիկանության ծառայողների վերապատրաստման հնարավորությունը Կատարի Կիբեռակադեմիայում։
Կողմերը վերահաստատել են համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը՝ ներքին անվտանգության տարբեր ուղղություններով։

