«Դէկավվա Ֆոնդ» բարեգործական հիմանադրամ «Հարեհաս» սոցիալ-կրթական ծրագիր

«Դէկավվա» բարեգործական հիմնադրամի «Հարեհաս» սոցիալ-կրթական ծրագրի շրջանակում Զառ գյուղում բացվել է համայնքի բնակիչների համար նախատեսված հինգերորդ կրթական կենտրոնը։

Շուրջ մեկ տարի է, ինչ Հայաստանի գյուղերում բացվում են համայնքային կենտրոններ, որտեղ տեղի կանայք անվճար հիմունքներով եռամսյա կրթական ծրագրի ընթացքում զինվում են գիտելիքներով և նոր հմտություններով։ Ծրագիրը նրանց հնարավորություն է տալիս մշակել բիզնես գաղափարներ և իրականացնել նոր նախաձեռնություններ՝ ուղղված իրենց համայնքների խնդիրների լուծմանը։ 

Կրթական գործընթացի ընթացքում նրանք անցնում են հետևյալ մոդուլները՝ նախագծերի կառավարում, անգլերեն, ֆինանսական և մեդիագրագիտություն, ծնողավարություն, թվային հմտություններ և առաջնորդական հմտություններ։ 

«Հարեհաս»-ը համագործակցում է համայնքների ՏԻՄ-երի, դպրոցների և մանկապարտեզների հետ, ինչի արդյունքում ստեղծվում են հասարակական նշանակության գրադարաններ և մարզադաշտեր, կազմակերպվում են կրթական հանդիպումներ տարբեր ոլորտների մասնագետների մասնակցությամբ, դիտվում են ուսուցողական ֆիլմեր և մուլտեր, անցկացվում են տոնական միջոցառումներ և իրականացվում այլ սոցիալական նախաձեռնություններ։

Այս պահին արդեն գործում են չորս նման կրթական կենտրոններ՝ Զովաբեր, Գեղամավան, Վարսեր և Լուսակունք գյուղական համայնքներում (յուրաքանչյուրում՝ մեկական), որտեղ շուրջ 87 կին ստացել է կրթություն, և ստեղծվել են ավելի քան 21 նախագիծ. դրանցից են «Վերելք», «Կամք» և «Թռիչք» զարգացման կենտրոնները, «Ջուվենտա» գեղեցկության սրահը և սիմենտալ ցեղատեսակի կովերի ֆերման։ 

«Մենք մարդկանց տալիս ենք գիտելիք և գործիքներ, որպեսզի նրանք ինքնուրույն ստեղծեն ձեռնարկություններ, ձևավորեն կյանքի համար բարենպաստ պայմաններ և կայուն կերպով զարգացնեն իրենց գյուղերը», – հավելել է հիմնադրամի գործադիր տնօրեն Ադրիանա Մարությանը։