Դեկտեմբերի 19-ի կարևոր լուրերը

Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում

Ադրբեջանական բենզինով առաջին գնացքը հասել է Հայաստան

Ադրբեջանից Վրաստանի տարածքով Հայաստան է ժամանել ադրբեջանական բենզինով բեռնված առաջին գնացքը՝ 1988 թվականից ի վեր։ «Այրում» կայարան հասած 22 վագոններում տեղափոխվում է 1218 տոննա A-95 բենզին, որը մաքսային ստուգումից հետո կուղարկվի Երևանի և «Կարմիր բլուր» կայարաններ։ Էկոնոմիկայի նախարարի խոսքով՝ սա անկախությունից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին առևտրատնտեսական գործարքն է։

Եվրախորհրդարանի բանաձևը՝ ընդդեմ Ադրբեջանի

Եվրոպական խորհրդարանը բանաձև է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին։ Փաստաթղթում քննադատվում են ընդդիմախոսների, լրագրողների և իրավապաշտպանների նկատմամբ ճնշումները, ինչպես նաև ապօրինի են որակվում Բահրուզ Սամեդովի և Իքբալ Աբիլովի ձերբակալությունները։

Տեր Վրթանես Բաղալյանի առողջական վիճակը

Տեր Վրթանես Բաղալյանը հայտնել է, որ Մայր Աթոռ ներխուժելու փորձի ժամանակ առաջացած լարվածության հետևանքով սրտի կաթված է տարել և ստենտավորվել է։ Նրա խոսքով՝ ներկայում վիճակը կայուն է։

ՀՀ–ԱՄՆ աշխատանքային խմբի առաջին հանդիպումը

Վաշինգտոնյան պայմանավորվածությունների շրջանակում ստեղծված ՀՀ–ԱՄՆ աշխատանքային խումբը անցկացրել է առաջին հանդիպումը։ Կողմերը համաձայնել են շարունակել քննարկումները փորձագիտական մակարդակով՝ պայմանավորվածությունների իրագործման համար։

Էլեկտրոմոբիլների քվոտաների վերաբաշխում

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել է, որ 2025 թ․ դիլերներին հատկացված չօգտագործված էլեկտրոմոբիլների քվոտան կվերաբաշխվի ֆիզիկական և իրավաբանական անձանց միջև, իսկ մաքսատուրք վճարած որոշ քաղաքացիների գումարները կվերադարձվեն։

Մշակութային արժեքի ձեռքբերում Լոնդոնից

Կառավարության որոշմամբ Լոնդոնի միջազգային աճուրդից կգնվի 12-րդ դարի հայկական եկեղեցու եզակի փայտյա դռան փեղկը և կտեղափոխվի Հայաստանի պատմության թանգարան։ Այդ նպատակով հատկացվել է շուրջ 175,4 մլն դրամ։

Ծառայողական քննություն ՊԵԿ-ում

Մաքսանենգ ճանապարհով բջջային հեռախոսների ներմուծման վերաբերյալ մամուլի հրապարակումների հիման վրա ՊԵԿ-ում բացվել է ծառայողական քննություն, որի նյութերը փոխանցվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե։

Հայաստան–ՄԱԿ համագործակցության նոր փաստաթուղթ

Կառավարությունում ստորագրվել է 2026–2030 թթ․ Հայաստան–ՄԱԿ կայուն զարգացման համագործակցության շրջանակային փաստաթուղթը, որը նպատակ ունի խորացնել համագործակցությունը և իրականացնել համատեղ ծրագրեր՝ ուղղված կայուն զարգացմանն ու խաղաղությանը։