ՀՀ ՆԳՆ Կիբերոստիկանությունից հայտնում են, որ վերջին օրերին Հայաստանում կրկին նկատվում է WhatsApp հավելվածի օգտահաշիվների զանգվածային «գողություն», որի դեպքում հանցագործներին անհրաժեշտ չէ, որ օգտատերը սեղմի որևէ կասկածելի հղման կամ փոխանցի SMS-ով ստացված կոդը։
Կիբերոստիկանության պարզաբանմամբ՝ հանցագործները տեխնիկական միջոցներով թիրախավորում են բջջային կապի միջազգային SS7 պրոտոկոլը, որը գործածվում է բջջային օպերատորների միջև հաղորդագրությունների փոխանցման համար։ Արդյունքում հնարավոր է որսալ WhatsApp-ի կողմից ուղարկվող հաստատման SMS հաղորդագրությունները և մուտք գործել օգտատիրոջ հաշիվ։
Կիբերոստիկանությունը շեշտում է, որ այս մեխանիզմը կապված չէ Հայաստանի բջջային օպերատորների աշխատանքի հետ, քանի որ SS7-ը միջազգային պրոտոկոլ է։
Ինչպե՞ս պաշտպանվել
Կիբերոստիկանության փոխանցմամբ՝ միակ և ամենաարդյունավետ պաշտպանական միջոցը WhatsApp-ում երկփուլանի անվտանգության (Two-step verification) միացումն է։ Նույնիսկ եթե հանցագործին հաջողվի մուտք գործել հաշիվ, այն չի կարող օգտագործվել առանց օգտատիրոջ սահմանած PIN կոդի։
Ինչպե՞ս միացնել երկփուլանի անվտանգությունը
-
Բացեք WhatsApp-ը և անցեք Settings (Կարգավորումներ)
-
Ընտրեք Account (Հաշիվ) բաժինը
-
Սեղմեք Two-step verification (Երկփուլանի անվտանգություն)
-
Սեղմեք Turn on և սահմանեք 6 նիշանոց PIN կոդ
-
Ավելացրեք էլեկտրոնային հասցե՝ PIN կոդը մոռանալու դեպքում վերականգնելու համար
Եթե WhatsApp-ից SMS-ի միջոցով ստանում եք հաստատման կոդ, և հավելվածը հանկարծակի դուրս է գալիս ձեր հաշվից, Կիբերոստիկանությունը խորհուրդ է տալիս անմիջապես փորձել վերականգնել հաշիվը ձեր հեռախոսահամարի միջոցով և տեղեկացնել մտերիմներին, որ ձեր անունից կարող են ուղարկվել կեղծ հաղորդագրություններ։

