ԱԺ-ում քննարկվում է «Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որը վերաբերում է մաքսային վարչարարության պարզեցմանը։
ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի խոսքով՝ նպատակն է մաքսային ստուգումների պրակտիկան մոտեցնել հարկային ստուգումների ընթացակարգերին և ապահովել միասնական մոտեցումներ։
Նախագծով առաջարկվում է սահմանել, որ կամերալ ստուգման ժամկետը չի կարող գերազանցել 40 աշխատանքային օրը։
Միաժամանակ, ստուգման ենթակա անձը պարտադիր պետք է ծանուցվի, իսկ ժամկետը չի կարող երկարաձգվել կամ կասեցվել։
Փոփոխություններով հստակեցվում են նաև մաքսային ստուգումների անցկացման հիմքերը, այդ թվում՝ իրավապահ մարմինների հարցումների, փորձաքննությունների և հնարավոր իրավախախտումների բացահայտման դեպքերում։
Ստուգման ավարտից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում կկազմվի ակտի նախագիծ, իսկ տնտեսվարողը կունենա ևս 10 օր՝ առարկություններ ներկայացնելու համար։
Նախագիծը ստացել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը։

