Քրեական ոստիկանության ծառայողները Սյունիքի մարզում բացահայտել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք։
Մարտի 16-ին իրականացված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ օտարերկրացի 41-ամյա տղամարդը, նախնական պայմանավորվածությամբ իր 40-ամյա համերկրացու հետ, Մեղրի-Կապան ավտոճանապարհից վերցրել էր մաքսանենգ ճանապարհով Հայաստան ներկրված թմրամիջոցներ և ուղևորվում էր դեպի Երևան։
Նա հայտնաբերվել և ձերբակալվել է Կապանում, ապա տեղափոխվել Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչություն։
Մեքենայում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է երեք կիլոգրամից ավելի մեթամֆետամին, մեկ կիլոգրամից ավելի հերոին, ինչպես նաև 34 դեղահաբ։
Ձերբակալված անձը կալանավորվել է, իսկ քրեական վարույթի շրջանակում նախաքննությունը շարունակվում է։
Դեպքը համարվում է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք։

