ՆԳՆ Քրեական ոստիկանության գլխավոր և Լոռու մարզային վարչությունների ծառայողների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մի խումբ անձինք, ստեղծելով հանցավոր խումբ և ձեռք բերելով ապօրինի զենք-զինամթերք, նախապատրաստել են սպանություններ, կատարել ավազակային հարձակում և բնակարանային գողություններ։
Ըստ ոստիկանության հաղորդման՝ խմբի անդամները միջամտել են տարբեր անձանց միջանձնային և ֆինանսական խնդիրներին, կապեր են հաստատել քրեական հեղինակության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց հետ, ինչպես նաև մասնակցել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորումների հավաքներին և գործողություններին։
Դեպքերի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանցավոր խմբի անդամներին մեղադրանքներ են առաջադրվել սպանության նախապատրաստության, սպանության փորձի, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու, ապօրինի զենք-զինամթերք կրելու, խուլիգանության, ավազակության, գողության, գույք ոչնչացնելու կամ վնասելու և թմրամիջոցների իրացման հատկանիշներով։
Օպերատիվ միջոցառումների արդյունքում խմբի անդամները հայտնաբերվել և ձերբակալվել են։ Լոռու մարզի քննչական վարչության ծառայողների հետ համատեղ իրականացված խոշորամասշտաբ խուզարկությունների ընթացքում նրանց բնակության վայրերում հայտնաբերվել են ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոցներ։
Հանցավոր խմբի 10 անդամների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Կատարվում է նախաքննություն։
Ծանուցում․ անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

